Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 79.jpg

Այս էջը սրբագրված է



— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է․․․— և՝ էլի անկարեկիր աղմուկ։

Բոլոր փեսաներն էլ այդ ցույցը բնական և սովորական էին համարել, լուռ լսել և շարունակել գիշերում ապրել առավոտը մի նոր կյանքի, բայց Հաջի Սողոմոնը չհամբերեց, բաց արեց լուսամուտը, սպիտակ շապիկով մինչև մեջքը դուրս ընկավ և սկսեց հայհոյել․

— Չե՞ք ամչնար, ի՞նչ է, գացեք հորերնուդ քով, մորերնուդ քով, շա՛ն որդիներ․․․

Հաջի Սողոմղնն այնքան բարձր էր գոռում, որ կոկորդը քորվեց, սկսեց հազալ և, չկարողանալով բոլորն ասել, փակեց լուսամուտը և քաշվեց ներս։

Տանիքների վրա բարձրացավ ընդհանուր և սրտագին մի հռհռոց։

— Վա՜յ էշի՛ գլուխ, չկրցավ սապր ընել[1], ծո՛, ի՞նչ ես դուրս եկեր, մու՛տ կնկանդ ծոցը, — ասում էին շատերը։

Ւսկ կատակողների խումբը վերսկսեց իր աղմուկն այնպիսի վերանորոգված վայրենությամբ, որ Հաջի Սողոմոնին հասցրեց ջղայնության չտեսնված գագաթնակետին։

Հաջի Սողոմոնն էլի բացեց լուսամուտը և խորագույն լրջությամբ հայտարարեց․

— Հեռացե՛ք, կըսիմ։

— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է․․․ — գոռաց մեկը, և մյուսները կրկնեցին․— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է․․․

— Հաջի Սողոմոնն ամուսնացե՜ր է, հա՜, դուք Հաջի Սողոմոնի քեֆին քեհյա՞ն ե՛ք, բոզի լակոտներ, ձեր մորը, հորն ի՞նչ ըսեմ, անկիրթներ, — պատասխանեց Հաջի Սողոմոնը։

Կատակողներր նշմարեցին, որ մեկը մթնում ետևից նրան քաշում է ներս և լուռ աղաչում․

— Սողոմոն աղա, ձեն մի հաներ, օսանմիշ կըլլին[2], կհերտկին կերթան։

— Աղջի՛, թո՛ղ, — աղաղակեց Հաջի Սողոմոնը և ետ քաշվեց։

  1. համբերել
  2. կձանձրանան