Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 80.jpg

Այս էջը սրբագրված է



Տանիքների հռհռոցի հետ բարձրացավ էլի մի սարսափելի աղմուկ։

— Հե՜յ, հաջի Սողոմոն, կրնաս նը, քնացիր։

— Հաջի Սողոմոնը կնիկ է առե՜ր․․․

— Հաջի Սողոմոնը փալան տի շինե կնկանը համար։

— Վա՜յ, հաջի Սողոմոն, կնիկ կառնես, հա՞։

Թմբուկ, տախտակ, թիթեղ, երկաթ, զուռնա, աղաղակ, ճչոց, հրհռոց ամեն ինչ խառնվեց իրար, շարունակվեց կատաղի այդ կատակը։

Երեխաներից մեկը, կլոր, կարճահասակ, խուճուճ մազերով, հաստ ձայնով, փայլուն և չարաճճի աչքերով, կանգնեց մեջտեղը, լուսնկայի լույսի տակ նշմարելի էր նրա հաստ շրթունքների վրայի չոր ծիծաղը, և հայտարարեց․

— Տղաքնե՛ր, գիտես քի հաջի Սողոմոնը քնացավ, բարձրանանք փենջերեն։

Մի քանիսը ցատկեցին և սկսան մագլցել պատուհանը։

Երբ մեկը բարձրացավ լուսամուտը և սկսեց թակել, հաջի Սողոմոնն արագ կերպով բաց արեց լուսամուտը և բռունցքի մի հարվածով վար գլորեց բարձրացողին։ Ընկնողն անվնաս էր, բայց դա կատաղեցրեց մանուկ ամբոխին։ Սկսեցին էլի բարձրանալ։

Հաջի Սողոմոնը հանկարծ հայտնվեց փողոցում՝ սպիտակ շապիկով ու վարտիքով, սկսեց աջից֊ձախից խփել։

Մանուկները ցրիվ եկան, բայց հաջի Սողոմոնը բռնեց երեխաներից մեկին, գցեց ոտի տակ ու սկսեց քացով տալ այնքան, որ երեխայի շունչը կտրվեց։

Հաջի Սողոմոնի նորահարսը լուսամուտից, մի սպիտակ սավան գլխին, աղաղակում էր աղիողորմ լացով․

— Սողոմոն աղա, ոտքդ պագնեմ, ներս եկո՜։

Հաջի Սողոմոնը չէր լսում, շարունակում էր քացի տալ շունչը կտրված երեխային։

Կտուրներից աղամարդիկ ցատկեցին և բռնեցին նրան։

― Չե՞ս ամչնար, էշշեկ, տղան մեռավ, ի՞նչ պատասխան տի տաս։

— Թո՛ղ սատկի, ես էլ մարդ իմ։

Երեխայի վրա ջուր թափեցին, բայց անօգուտ։ Երեխան մեռել էր։