Ոստիկանները պնդում են, որ կողովը ցած դնի և բաց անի։
Մարդիկ սփրթնում են։ Պարզ է։ Նշան աղան փամփուշտ է փոխադրում և բռնված է։
Սարսափելի դժբախտություն, նրան սպասում է բանտ, աքսոր, թերևս կախաղան։
— Իջեցո՛ւր կողովը, բա՛ց։
Նշան աղան դիմադրում է, ապա և աղաչում, պաղատում։
— Կբանամ, միայն տուն տանիմ, հոնտեղ բանամ,— խնդրում է նա։
Բայց ոստիկանները համառում են, հակապետական գործ են բռնել, ուզում են հանդիսավորություն տալ, անպայման կվարձատրվեն բռնակալության կողմից։
Նշան աղան դառնում է բազմության և պաղատում ամեն մեկին։
Ոչ ոք չի միջամտում։ Վախենում են։
Վերջապես ոստիկանները բռնի կերպով ցած են գցում կողովը։ Ինչ֊որ ճչոց է լսվում։ Բաց են անում կողովը, միջից դուրս է գալիս մի կին, երեսը ծածկած, ճչում է ու լաց լինում։
Նշան աղան միայն մի ուղղությամբ հառել է բյուրեղացած, հիմարացած աչքերով։
Ահաբեկված բազմությունը հանկարծ սկսում է բարձր և անգութ հռհռոց, դիվային մի ծիծաղ, և մեկը սկսում է աղաղակել․
— Նշան աղան սեփեթով բոզ կտանե՜․․․
Այդ աղաղակին խառնվում են ուրիշ աղաղակներ։
— Բոզը սեփեթեն դուրս եկավ․․․
— Վա՛յ խայտառակ հերիֆ, բոզը սեփեթին մեջ է դրեր․․․
Կինն ուզում է փախչել, ոստիկանները բռնում են։
Բազմության մի մասը պաշարում է Նշան աղային, մյուս մասը՝ կնոջը, ծափ են տալիս ու ծաղրում։
Նշան աղան փախչում է։ Բազմությունը, թողած կնոջը, ընկնում է նրա ետևից։
— Սեփեթով բոզ կտաներ, բռնեցի՜ն․․․
Ոստիկանները բաց թողին կնոջը, որը հրդեհից ահաբեկվածի նման, փախավ և կորսվեց։
Ոչ ոք չիմացավ, թե ո՞վ էր և ո՞ւր գնաց։