Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 88.jpg

Այս էջը սրբագրված է

հացը, ճանկեց ուղտի թամբը, մագլցեց վեր ու ճանապարհ ընկավ դեպի անապատը՝ ժպտու՜ն և ուրա՜խ։

Փողոցի երկու կողմերում մարդիկ կանգ էին առնում և դիտում համառ ուղտին, որ օրորվելով քայլում էր, աղերսում, աչքերը հեռուն֊հեռուն հառած։

Ուղտապանը ողջունում էր փողոցում կանգնած մարդկանց, հավաքում նրանց նետած դրամները, հացի կտորները լցնում տոպրակի մեջ և հեռանում քաղաքից դեպի ավազները, դեպի հարավի արեգակը։

Նա հեռացավ մեր երկրից, որտեղ սկսվել էր դաժան ձմեռը կարմրած և դեղնած տերևներով աշունքից հետո։


***

Աշունն ուշ էր հեռանում մեր երկրից, համառում էր՝ մինչև աղքատ կանայք վերջացնեին իրենց բաշաղը[1], մինչև կտուրի վրա եփվեին արևով պատրաստված քաղցրավենիները։

Միայն աշունքին զգում էինք, որ արև կա և քաղցր է, դուրեկան։

Մեր պարտեզի ծառերը դեղնում էին և կարմրում՝ արյան գույն։ Մեծ, ապատկի չափ տերևներ էին ընկում ծառից, ծուլորեն օրորվում օդում, արևի ճառագայթներից լուսավառվելով, նման հրդեհի մեծ բոցերից կտրված լեզուների։

Սկսվում էր ահարկու մի պայքար աշնան քամու և արևի միջև։ Ամենահզոր արևը վերջ ի վերջո տեղի էր տալիս քամուն, որ կամաց֊կամաց դառնում էր անգութ մի սառնամանիք։

Դաժան, երկարատև ձմեռ։ Ձյունը թափվում էր մեծ, տերևի չափ փաթիլներով, լցնում էր փողոցը, բարձրանում, հասնում էր մինչև լուսամուտները, տները գերեզմանվում էին երկրի խորքում, դռները փակվում, փողոցը հավասարվում էր մոտավորապես տանիքներին, և փողոցից ուղղակի

  1. այգեկութից մնացած խաղողի կամ ցորենի հավաքում