Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 89.jpg

Այս էջը սրբագրված է

քայլում էին դեպի տանիքը և տանիքի դռնից իջնում տան ներքնահարկը։

Ձյունը, փողոցները լցնելուց հետո, միառժամանակ դադարում էր։ Անողոք ցուրտը սառեցնում էր ձյունը, կարծրացնում, և ձյունը սկսում էր ոտների տակ ճզրտալ, խշխշալ։ Փողոցներից անցնողների թիվը իմանալու համար հարկավոր չէր լուսամուտներից դիտել նրանց, որոնք արդեն ծածկված էին ձյունով, ոտնաձայներից կարող էինք գուշակել։ Մինչև անգամ հարևանների ոտնաձայներից կարող էինք ճանաչել անձնավորությունը։

Անցնում է մեկը, մայրս անմիջապես ճանաչում է նրան՝ քայլվածքից։

Կես֊գիշեր է։

— Կիրակոս աղան է, — ասում է մայրս, — աս ժամուն ո՞ւր կերթա, չըլլի քի հիվանդ ունի, երսուն տարի է էդ մարդը կես֊գիշերին տունեն դուրս չի գացեր, բան մի պատահեր է։

Առավոտյան մորս առաջին գործը կլինր մեկին ուղարկել Կիրակոս աղայի տունը և հարցնել, թե ի՞նչ էր պատահել արդյոք կես֊գիշերին։ Ծառան վերադառնում էր և ասում․

— Բարև էրե, ըսե քի՝ բան չիկա, չոջուխին փորը սանջի էր կպեր՝ գացի դեղ բերի։

Մայրս անհանգստանում էր, քանի որ մահ կար, միայն մահն էր, որ մորս մտահոգություն էր պատճառում։

— Մեռնել է՝ ճարա չկա, ամեն բան կանցնի, դուն ըսե քի մահ չրլլի, — փիլիսոփայում էր նա։

Ձյունն ու սառնամանիքը տևում էին երեք ամիս։

Մեր փողոցի չքավոր տները զբաղված էին բամբակի բոժոժներ մաքրելով, իսկ հարուստ ընտանիքները ուտում էին անդադար և որոճում։ Մարմինները անհամաչափ ուռչում էին, վզերից ճարպոտ մսեր քշէին կախվում, դառնում էին դանդաղ, ծույլ, քնկոտ, խոսում էին անհոգ, բերանները ծամածռելով, ծիծաղելով անտեղի, քնում էին երկար, կարծես զարթնում էին միայն ուտելու, որոճալու և նորից քնելու համար։ Մարմնի ճարպոտ ուռուցքներից բացի, վրա էին հասնում հղիության ուռուցքները։ Ձմեռվա կեսերին այդ ուռուցքները դառնում էին չափազանց ակնբախ։