Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 90.jpg

Այս էջը սրբագրված է

Ձմռան կեսերին մեր տան բնակիչները, բացի հայրիկից և եղբայրներից, ուռչում էին այդպես, կլորանում, անվերջ թթու էին ուտում, ուտում էին մյուսներից գաղտնի, և քիչ անց սկսվում էին տան մեջ, զանազան գաղտնի անկյուններում, կանացի ճիչեր, իրարանցում տան կանանց շրջանում, և կանացի ճիչերին հաջորդում էին նոր ծնված երեխաների «ընղա»֊ները։ Տան ամեն մի սենյակում, ամեն մի անկյունում լսվում էր նրանց ճվվոցը։ Խոհանոցից անցնել չէր կարելի, մարդահասակ բարձր թոկեր էին քաշած և վրան փռած երեխաների շորեր։ Ամբողջ վեց ամիս այդ թոկերը չէին մերկանում, շորերը լվացվում էին անվերջ և անվերջ կախվում, շատ անգամ մի քանի շոր իրար վրա կախված՝ թոկերի կարճության պատճառով։

Սկսվում էր հորս ջղայնության շրջանը, դուրսը՝ ձյուն, սառնամանիք, ներսը՝ անվերջ ճվվոցներ։ Նա ամեն օր հարցնում էր.

— Էսօր ամսու քանի՞սն է։

Ուրախանում էր, որ պատասխանում էին՝

— Ամսու երեսունն է։

— Է՛հ, աս ամիսն ալ գլտըրեցինք, — մրթմրթում էր նա ինքն իրեն և սկսում էր ճանապարհորդության պատրաստություն տեսնել։

Նա փախչում էր դեպի Ստամբուլ ազատվելու համար երեխաների ճվվոցներից։

Գնալուց առաջ նա երեխաների մի ցուցակ էր հետը տանում, որպեսզի ոչ ոքին չմոռանա։ Բոլորին նվերներ էր բերում։ Գնալուց հետո էլ նոր ցուցակ էր ուղարկում նրան մայրս՝ նոր ծնվածների ցուցակը։ Երբեմն չափազանցված ցուցակ էր ուղարկում։

— Թո՛ղ բերե, պետք կըլլի, — ասում էր նա։

Հայրս վերադարձին մի սնդուկ էր հանձնում մորս և այլևս ոչնչի չէր խառնվում։ Բայց սովորություն կար, որ բոլորն էլ իրենց մանուկներին գրկած՝ գնում էին նրա ձեռքը համբուրելու։ Հայրս փոխադարձ «ապրիս» էր ասում յուրաքանչյուրին և երեխաներին համբուրում։ Երբ շարքը վերջ չէր գտնում՝ հայրս մրթմրթում էր․

— Բա՛, բա՛, բա՛, ուրիշ գործ չեք ունեցել։