Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 91.jpg

Այս էջը սրբագրված է



***

Օվա Բաղլարիում մենք այգի ունեինք։

Օվա Բաղլարին քաղաքին կից, բայց ընդարձակ տարածությամբ մի այգեստան էր՝ բացառապես խաղողի և նշենիների։ Մեր այգին գտնվում էր այդ ընդարձակ այգիների գրեթե մեջտեղում։ Աշնան վերջում, այգեկութի ժամանակ. բոլոր այգի ունեցողները 10—15 օրով փոխադրվում էին այնտեղ, սպիտակ վրաններ էին խփում և սկսում էին եռուն այգեկութը։ Գիշերները ցուրտ էր լինում, ուստի ամեն մի այգում խարույկ էր վառվում։

Այդ օրերի գիշերներում Օվա Բաղլարին, երբ դիտում էին սարից, նման էր բոցավառված խարույկներով երկնքի։ Խարույկի շուրջը պարում էինք, երգում։ Բոլոր աղջիկներին ազատություն էր տրվում այդ օրերին խարույկի շուրջը պարելու։ Խարույկներն այնքան բոցավառ, արծարծուն էին լինում, որ շուրջը պարողների երեսները կարմրում էին։ Այդ օրերին աղջիկների մեծագույն մասը գտնում էր իր նշանածին։ Պարից, երգից և խարույկից տաքացած վառվում էին և նրանց սրտերը։ Նրանք, որոնք գտել էին մի ջահել սիրտ, կորսվում էին մեծ թփերի ետևում, խարույկներից հեռու, կարմրած, քաղցրացած ողկույզների տակ, և վառում էին հավիտենական խարույկը, սիրո խարույկը։

Ցուրտ, կապույտ գիշերում, լուսնի կաթնահորդ փրփուրների տակ, շրթունքները հպում էին իրար, անցնում էր նրանց ոգու միջից տիեզերական շունչը։ Երբ տղան գրկում էր աղջկան, նրան թվում էր, որ ամբողջ բնությունը փաթաթվում է իրեն կրակե թևերով, և տղային թվում էր, որ գրկել է ողջ բնությունը իր բոլոր մրգերով, իր բոլոր արևաներկ ողկույզներով, ահա կծկվել է իր թևերի մեջ անհուն մի դաշտ թարմ խոտի բույրով, և վերջապես սա այն Զարուհին չէ, այլ բոցավառված խարույկն է իր թևերի մեջ։

— Տեսնանք սըվոնք ո՞ւր գացին, — հանկարծ լսվում է։

Երկու ջահելները կուրծք֊կրծքի, շրթունք֊շրթունքի անշարժանում են։