Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 94.jpg

Այս էջը սրբագրված է



***

Հիշում եմ պարոն Բաղդասարին։ Սա երկարահասակ, սև, երկար ու խիտ մորուքով և սև ու թավ հոնքերով մի մարդ էր։ Նա եղել էր ուսուցիչ, խենթացել էր սիրուց՝ թաղականի աղջկա էր ուզել, մերժել էին թե՝ «խաֆան լեցուն, փորը պարապ վարժապետ է» և ահա, ֆրանսիական սև ռեդինգոտը հագին՝ ընկել էր տնից դուրս, ահաբեկված։

Ինչ֊որ բանից վախենում էր ու․․․ փախչու՜մ։ Ի՞նչ էր տեսնում, ո՛չ ոք չէր հասկանում, ո՛չ ոք չէր ցանկանում հասկանալ։

— Պարոն Բաղղասար, եկա՜վ,..— ճչում էին անկիրթները։

Եվ ահա պարոն Բաղղասարը փրփրում էր, կատաղում և սկսում էր վազել ազատ արձակված սև ձիու նման՝ ահաբեկված, սարսափահար աչքերով։ Մեկ֊մեկ ետև էր դառնում, նայում և ավելի կատաղած ու սարսափած փախչում, փախչում էր փողոցից փողոց։ Ամեն կետից՝ դռներից, լուսամուտներից, կտուրներից, փողոցի անկյուններից, հռհռում էին և լրբորեն ճչում․

— Պարոն Բաղդասար, եկա՜վ․․․

Ի՞նչ էր ուտում այդ նախկին մարդը, որտե՞ղ էր քնում, ոչ ոք չէր իմանում։ Նրա եղունգները կարճանում էին կոտրվելուց, մազերը երկարում էին անվերջ՝ կեղտոտ և այլանդակ։ Մինչև հիմա էլ, երբ հիշում եմ, սարսուռ եմ զգում, մարմինս փշաքաղվում է։

Պարոն Բաղղասարը մենակ չէր։

Կար մի թուրք խենթ, որ սովորաբար շատ հանգիստ և խելոք մարդ էր, գիտեր նորմալ խոսել ամեն մի նյութի մասին, բայց հանկարծ գազանանում էր և դեմը գտնված ամեն ինչ կոտրում ու փշրում։ Նա գազանանում էր, որ մեկնումեկը «ֆըստ» էր ասում նրան։ Հենց որ «ֆըստ» բառը լսեր, բոլորովին այլանդակվում էր։ Իսկ «ֆըստ» բառը ոչ մի նշանակությռւն չուներ, լոկ բացականչություն էր։ Այս խենթր պարոն Բաղդասարից այն տարբերությունն ուներ, որ սա խղճալի չէր, սրանից մարդիկ ահաբեկված և սարսափած փախչում էին։ Այս խենթը հանգստանում էր այն ժամանակ, երբ մի քանի