Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 99.jpg

Այս էջը սրբագրված է

անգլերենով քարոզ էր կարդում (մեկը թարգմանում էր), քարոզից հետո, աչքերը փակ, աղոթում էր, ձեռքերը տարածած օդում, աղոթքից հետո՝ մի քանի րոպե խստագույն լռույուն էր ազդարարում և ի վերջո հայտարարում․

— Ով որ սուրբ հոգին ստացավ՝ թող ոտի կանգնի։

Սկզբները քիչ թվով, բայց հետագայում բազմություններ էին ոտի կանգնում։

Ո՛չ ոք չէր կարող բացատրել, թե ինչ էին զգում, երբ «սուրբ հոգի» էին ստանում, բայց կանգնում էին, կանգնում էին մասսայաբար։

Սուրբ հոգի առնողներն ինչ որ փող ունեին գրպանները դատարկում էին մր․ Ջեյկըբի գանձարանը։ Այդ գանձարանն ստեղծված էր, որպեսզի հնարավորություն տրվեր մր․ Ջեյկըբին սուրբ հոգին տարտղնելու ամեն տեղ։

Գտնվեցին մի քանի բողոքականներ, որոնք աշխատեցին դադարեցնել այդ խաղը, բայց աջակցություն չգտան և վերջ ի վերջո իրենք էլ գնացին ու ստացան սուրբ հոգին։

Ամբողջ մի ամիս ողջ քաղաքը միայն սուրբ հոգու մասին էր խոսում։ Կային բողոքական կլասիկ կեղծավորներ, որոնք դադարեցին սուրբ հոգի չառնողների հետ հարաբերություն անելուց։ Սուրբ հոգի չառնողներին չէին բարևում։

Ծայր առան ամուսնալուծումներ, ընտանեկան ամեն կարգի անհամություններ, բաժանումներ, (ծնողները սուրբ հոգին առնում էին, հանկարծ որդիներն ու աղջիկները դիմադրում էին առնել, որդիներն ու աղջիկները առնում էին, ծնողները չէին առնում, եղբայրներն առնում էին, քույրերը չէին առնում, ամուսինն առնում էր, կինը չէր առնում, կամ ընդհակառակը)։

— Վաղը կերթաս ու կառնես, հընկ֊մընկ չընես,— պատվիրում էր սուրբ հոգի առած ամուսինը։

Սկսվում էր վեճը, և սուրբ հոգի առնող ամուսինը կամ եղբայրը, հանուն սուրբ հոգու, քաշում էր փայտը կամ ոտնամանի մեկը և սկսում էր ծեծել սուրբ հոգուն դիմադրող կնոջը կամ քրոջը։

Նրանք, որոնք սկզբներում սուրբ հոգի առնողների վրա էին ծիծաղում, իրենք էլ ստացան և սկսեցին չառնողների վրա ծիծաղել։