Էջ:Կյուրեղ աղայի մահը 01.jpg

Այս էջը հաստատված է
ԿՅՈՒՐԵՂ ԱՂԱՅԻ ՄԱՀԸ

Կյուրեղ աղան բոլորովին առողջ էր, երբ առավոտյան զարթնեց, նախաճաշեց, խաչակնքեց, բաց արավ երկաթե արկղը, որտեղ փողերն էր պահում, վերցրեց 50 օսմանյան ոսկի և դուրս եկավ սենյակից խանութ գնալու, երբ հանկարծ, լսեց, որ երեխաները պոռում են.

— Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…

Կյուրեղ աղան ցնցվեց, մի թեթև սարսուռ փշաքաղեց մարմինը, մի պահ կանգ առավ շեմքի վրա, ապա ներս մտավ և նորից լսեց երեխաների աղաղակը.

— Հաջի Քորո՜ն… Հաջի Քորո՜ն…

Միևնույն տեսակի սարսուռը, այս անգամ ավելի ցուրտ, բայց էլեկտրական հոսանքի արագությամբ, ճեղքեց-անցավ նրա ամբողջ մարմնով, կարծես չոր սառնամանիքին նրան մերկացրին քամու առաջ և մի դույլ սառը ջուր լցրին մարմնի վրա։

Նա մոտեցավ պահարանին, գլուխը կոխեց մեջը, իրար ետևից մի քանի գավաթ օղի լցրեց և խմեց։

Կարծես մի քիչ տաքացավ։

Նորից առաջացավ դեպի սենյակի դուռը և դռան արանքից խռպոտ և կերկերուն ձայնով բղավեց։

— Աղջի՛, Հազարխա՜ն․․․

Ոչ ոք չպատասխանեց։

— Հազարխա՜ն…

Լռություն։

Հազարխան խաթունը Կյուրեղ աղայի կինն էր։

Ինչո՞ւ չէր պատասխանում։

Ո՞ւր էր գնացել։

Քիչ առաջ նա կրակտանն (խոհանոց) էր, հենց որ Կյուրեղ աղան պատրաստվում էր խանութ գնալու՝ լսվում էր նրա փաբուջի (հողաթափ, տան չուստ) քսքսոցը։

Կյուրեղ աղան նորից մոտեցավ դռան և արանքից ահռելի ձայնով բղավեց.

— Հազարխա՜ն։

Այս անգամ Հազարխան խաթունը, աճապարանքով և ոտներն իրար փաթաթելով, վեր վազեց.

— Ո՞ւր ես գացեր, երկու ժամ է կը ճաթռտիմ։

— Բախչան էի, չլսեցի։

— 121 —