Էջ:Կյուրեղ աղայի մահը 08.jpg

Այս էջը հաստատված է



— Ան իրեք հատին փարան չիմ առնիր, քըզի հեդիյե, ամա մեկալներուն համար կը վճարես, Տե՛ր Պապա։

— Շա՛տ աղեկ, շա՛տ աղեկ, Կյուրեղ աղա, եթե կուզես, վեցիս համար ըլ կը վճարիմ։

— Չէ՜, ես ըսի՝ քըզի հեդիյե։

Քահանան չէր ուզում ոչ մի վճարում անել, բայց էլ չէր կարող հրաժարվել, ծուղակն ընկել էր, ուստի վճարեց և գնաց։

Կյուրեղ աղան, քահանայի գնալուց հետո, քթի տակ թեթև ծիծաղեց, որովհետև նա երեք գավաթի համար այնպիսի գին էր վերցրել, որ եթե քահանան վեցի համար նորմալ գինը վճարեր, ավելի էժան կը լիներ։

Կյուրեղ աղան մի քիչ սպասեց և, տեսնելով, որ հաճախորդ չկա, սկսեց պնակների, շշերի, բաժակների, հայելիների փոշին սրբել։

Փոշիները սրբելու ընթացքում մի քանի անգամ հիշեց Հաջի Քորոյի խոսքերը, բայց վերջին անգամ լսեց բարձրաձայն։ Այդ վերջին անգամվա հիշողության հետ միասին, հանկա՜րծ, մի խոշոր լամպ ընկավ գետնին և փշրվեց․․․

Կյուրեղ աղան ցնցվեց, սիրտը տաք ու սառը արավ։

Նա լամպից հեռու էր, հիշեց նաև, որ այդ լամպին ձեռք չտվեց, դեռ այդ կողմը չէր գնացել։ Ուրեմն ընկել էր ինքնիրեն։

Կյուրեղ աղան սարսափեց, բայց միաժամանակ կարողացավ զսպել իրեն, խոշոր քիթը կախելով առատ, ամբողջ բերանը ծածկող բեղերի վրա։

Այո՛, լամպի ընկնելու պահին Հաջի Քորոն ասում էր՝ «Ծակծկիս ու անանկ տախտակի վրա ելլես»։

Եվ ահա նորից է կրկնվում նույն անեծքը։

Առավոտվա սարսուռը, ավելի և ավելի ցուրտ, կտրատեց նրա ողջ մարմինը։ Փորձեց շարունակել փոշին սրբելը, բայց այս անգամ, ձեռքերի դողդողալուց, մի քանի բան էլ ինքը կոտրեց։

— Կյուրե՛ղ աղա, չորբայի համար խորունկ քերսի (պնակ) ունի՞ս,— լսվեց մի ձայն խանութի շեմքից։

Կյուրեղ աղան կես մեջքով ետև դարձավ և հազիվ կարողացավ ձեռքով նշան անել, թե՝ չկա։

— 128 —