Էջ:Կյուրեղ աղայի մահը 10.jpg

Այս էջը հաստատված է

Հարևան խանութպանն ավելի մոտեցավ։

Կյուրեղ աղայի դեմքը բոլորովին փոխվել էր, կարծես կիրով էին ծեփել, դողում էր ամբողջ մարմնով, և ատամները չխկչխկում էին։

— Աս ի՞նչ է, Կյուրեղ աղա, գոնը երեսեդ գացեր է,— ասաց հարևան խանութպանը։

— Մարմինս հլոս-հլոս ( փշուր-փշուր) կըլլի։

— Կնկանդ բան մի ըրեր ես…

— Ի՞նչ տ՚էնիմ, ջանըմ, շախայի (կատակ) վախըտ չէ։

— Շախա չեմ ըներ,— ծեծե՞լ-մեծե՞լ…

— Չէ՜, ջանըմ, ծեծելու գա՝ Հազարխանն ընծիս կը ծեծե․․․

Դողն ավելի սաստկացավ։ Ծնոտը գործում էր ընդհանուր մարմնի համակարգությունից անկախ։

Բավական լռությունից հետո Կյուրեղ աղան կմկմաց․

— Ըըընծիիիս տուուն տաարեեեք…

Հարևան խանութպանն անմիջապես ֆայտոն բերեց։

Տուն վերադառնալիս, ֆայտոնից նա տեսավ մի մարդ, որ կռացած, փայտը ձեռին, հազիվ ոտները քաշ էր տալիս իր ետևից։

«Աստված խզմիշ (կատաղել, բարկանալ) է եղեր,— ասաց Կյուրեղ աղան իր մտքում,— քանի տարի էր չէի տեսեր ադ փեզեվենկը…»։ Կռացած մարդն այն մարդն էր, որից Կյուրեղ աղան փող էր յուրացրել, և մարդը, չկարողանալով հաստատել, կաթված էր ստացել. Կյուրեղ աղան կարծում էր, որ մարդը դեռ անկողնումն էր։ Իսկապես խեղճ մարդն առաջին անգամն էր, որ դուրս էր եկել անկողնից և հանդիպեց Կյուրեղ աղային։

Հասավ տուն։

Հարևան խանութպանը և կառապանը գրեթե շալակելով նրան վեր տարան։

Երբ Հազարխան խաթունը տեսավ, որ ամուսնուն շալակելով ներս են բերում, բացականչեց.

— Վա՜յ, քոռանամ, Հաջի՛ Քորո, աստված ձայնդ լսեց․․․

Կյուրեղ աղային հասցրին սենյակ։

— Հազարխա՛ն, յաթաղս (անկողին) բաց, արաղ բեր,— դողդողացրեց Կյուրեղ աղան։

— 130 —