Էջ:Կյուրեղ աղայի մահը 11.jpg

Այս էջը սրբագրված է

Արաղն իրար ետևից քաշեց և փաթաթվեց վերմակում։

— Քիրամիդ տաքցուր, չաբո՛ւխ (շուտ)․․․

Մինչև Հազարխան խաթունը կղմինդր տաքացրեց և բերեց, Կյուրեղ աղան ամբողջովին քրտինքի մեջ էր։ Կինը ձեռքը տարավ ամուսնու ճակատին— սառը քրտինք։

— Մահվան թասա է (քրտինք),— կմկմաց Կյուրեղ աղան։

Կինը տաք կղմինդրը դրեց ոտին։

— Մեջքի՛ս դիր,— ասաց Կյուրեղ աղան։

— Քա՜, ի՞նչ եղավ քըզի։

— Ի՞նչ տ՚ըլլի, անեծք է։

— Վա՜յ, Հաջի Քորո, ինտո՞՚ր բերանդ բացիր։

— Հազարխա՛ն, մտի՛ կ ըրե, չաբուխ աս իթսուն ոսկին Սրբուհին հետ Հաջի Քորոյին ղրկե՛, թող ըսե քի՝ ես քեզ մեղա՜…

— Առտուն տայիր, ասպես չէր ըլլի․․․

— Հա՜, շիտակ ես, զիբիլ կերա…

Հազարխան խաթունն անմիջապես հիսուն ոսկին վազցրեց Հաջի Քորոյին։

— Ոսկիները կուտաս ու կըսես քի․․․

Ո՛չ միայն Կյուրեղ աղայի ասածը կրկնեց, այլ մի շարք բաներ էլ ավելացրեց իր կողմից։

Սրբունը թռավ։

Հազարխան խաթունը վազեց վեր, աստիճանների վրա կրկնելով՝ «Տե՛ր, չհիշես, առտուն արինը երեսը քսեր էր, Տե՛ր, չհիշես, Միածի՛ն Աստված»։

Երբ սենյակ մտավ, Հազարխան խաթունը տակավին կրկնում էր՝ «Տե՛ր, չհիշես»։

Կյուրեղ աղան լսեց։

— Հա՜, հա՜ չհիշես, տե՛ր… աղջի՛, սի՜րտս… սիրտս դուրս կը թափի։

— Քա՜, ի՞նչ եղար։

— Հազարխա՛ն, ճեպես (գրպան) կացցային բալլին վերցո՛ւր ու բաց՝ տեսնամ հլա։

Հազարխան խաթունը մոտեցավ կասսին։

Առաջիհ անգամն էր, որ այդ երկաթե արկղի բանալուն ձեռք էր տալիս Հազարխանը և բաց էր անում։ Կյուրեղ աղան, կասսը բաց անելիս, մինչև անգամ չէր թողնում, որ իր կինը