Էջ:Կյուրեղ աղայի մահը 13.jpg

Այս էջը սրբագրված է

Մինչև Հազարխան խաթունը վեր բարձրացավ, գրեթե չճանաչեց ամուսնուն, բոլորովին այլակերպվել էր։

— Պատա՜նք…թաղո՜ւմ…,— կրկնում էր Կյուրեղ աղան անընդհատ և չխկչխկացնում ատամները։

— Էս ի՜նչ բան էր եկավ մեր գլխուն, Տե՛ր Աստված…,— կրկնում էր Հազարխան խաթունը։

— Պատա՜նք…թաղո՜ւմ… անկջովդ լսեցիր, չէ՞։

Հազարխան խաթունը չպատասխանեց, որովհետև նա տարված էր իր ամուսնու կերպարանքով, երեսի գույնը ամեն րոպե փոխվում էր, աչքերն ավելի փաթլախցան (ուռչել) և դուրս ընկան, կոպերի կարմիրը բացվեց։

— Բա՜, ի՞նչ կրլլիս, հեքիմ բերիմ։

— Հեքիմի բան չէ, տի սատկիմ։

Մի պահ ապշահար երևույթից հետո՝ Կյուրեղ աղան ուժեղ ցնցվեց, աչքերը հառեց մի կետի և սկսեց անթարթ նայել։ Նրա աչքերում գնալով խորանում էր ահը։

— Ի՞նչ կը տեսնաս, վո՞վ կը տեսնաս,— հարցրեց Հազարխան խաթունը։

— Էն եթիմն ի՞նչ գործ ունի հոս։

— Ո՞ր եթիմը։

— Աբգարին եթիմը։

— Աբգարի՞ն։

— Չե՞ս տեսնար, դեմս տնկվեր է։ Ծո, ի՞նչ կուզես։

Լռություն։

Սարսափ։

Կյուրեղ աղան, ահաբեկված աչքերով և կափկափող ծնոտով, կրկնեց.

— Ծո՛, ի՞նչ կուզես, ըսե՛, տամ՝ խալըսիմ։

— Կերևա էն ութը ոսկին կուզե,— հիշեցրեց Հազարխան խաթունը։

— Հա՜, միտքս ընկավ, ղրկե՛, աղջի՛, թող ըսե՝ ես քեզ մեղա՜…

— Էն վախտը ըսի քի՝ եթիմին փարան մ՚ուտեր։

— Կերա՜, զիբիլ ուտեի, կերա՜,— բղավեց Կյուրեղ աղան և խփեց ծնկներին։

Քիչ անց՝ Կյուրեղ աղան, էլի ցնցվելով, սարսափած աչքերն ուղղեց մի կետի։