Էջ:Կյուրեղ աղայի մահը 16.jpg

Այս էջը սրբագրված է

— Վո՜ւյ, քոռանամ․․․

Կարծես տունը շուռ եկավ Հազարխան խաթունի գլխի վրա։ Կյուրեղ աղան սարսափից վերմակը քաշեց գլուխը։ Վերմակի տակից լսվում էր նրա անասնական հռնդյունը, բայց երկար չկարողացավ մնալ վերմակի տակը, բաց արավ, կանգնեց, ուզում էր փախչել սենյակից, բայց հազիվ մի քայլ փորձեց, ամբողջ հասակով ընկավ հատակին։

— Չա՛ր սատանա, էս ի՞նչ բան եղավ,— ճչաց Հազարխան խաթունը և փորձեց բարձրացնել և պառկեցնել անկողնում, բայց մինչև անգամ մի թևը չկարողացավ շարժել, ծանրացել և կապարացել էր։

Ահաբեկված վազեց դուրս։

— Եկե՜ք, եկե՜ք, շուտ հասե՜ք, Կյուրեղ աղաս ափուցս կերթա…

Հազարխան խաթունը հարևաններին էր կանչում։

Հարևաններր եկան, վերցրին Կյուրեղ աղային և պառկեցրին անկողնում։

Կամաց-կամաց Կյուրեղ աղան աչքերը բաց արավ և սկսեց նայել բոլորին անթարթ, սառած, կես-ահաբեկված և կես-ապուշացած աչքերով։

— Քա՛, ի՞նչ է եղեր,— հարցրեց հարևանուհի Սըրմա խաթունը։

— Չեմ գիտեր, առտուն Հաջի Քորոն հոս էր, քիչ մի առին-տվին, էսպես եղավ։

— Դոկտոր բերի՞ք,— հարցրեց Ավետիս էֆենդին։

— Չէ՛, դոկտոր չեմ ուզեր,— լեզուն բաց արավ Կյուրեղ աղան,— մեղքերի համար դոկտորն ի՞նչ պիտի ընե։

— Կյուրե՛ղ աղա, քիչ մը դուն քեզ բռնե։

— Չեմ կրնար, մեղքերս շա՜տ են, Ավետիս էֆենդի, էնքան տուն իմ մրեղեր, որ հեսաբը չի կա…

Կյուրեղ աղան նորից ահաբեկված սկսեց մի կետի հառել։

Հազարխան խաթունը, ձեռքերը ջղաձգորեն իրար շփելով, շշնջաց հարևաններին․

— Եկա՜ն…

— Վո՞վ։

— Եսի՞մ, դեմը մարդիկ կուգան, կինե եկա՜ն…