Էջ:Կյուրեղ աղայի մահը 22.jpg

Այս էջը սրբագրված է

աղան նորից սկսեց բղավել, այս անգամ է՛լ ավելի բարձր և սարսափած.

— Քըզի ի՞նչ եմ ըրեր, որ եկար, քըզի ի՞նչ եմ ըրեր․․․

Հազարխան խաթունը ետև դարձավ և ինքն էլ ճչաց.

— Վո՜ւյ, մայրիկ՜ աստվածածին․․․

Ներս եկողը վերի թաղի քահանան էր՝ Տեր Համբարձումը, բայց Կյուրեղ աղան նրան տեսիլքի տեղ դրեց, նա այլևս չէր կարողանում զանազանել իրականությունը տեսիլքից, խղճի առաջ ցցվող պատկերը՝ բնական պատկերից, իսկ Հազարխան խաթունը, բոլորովին չսպասելով տերտերին, կարծեց, թե տերտերը չէր, այլ Կյուրեղ աղայի տեսիլքը, որ սկսեց իրեն էլ երևալ։

— Տերն մեր Հիսուս Քրիստոս հանգստացունե զձեզ,— ասաց Տեր Համբարձումը և, կրծքի գրպանից հանելով խաչը, երեք անգամ խաչակնքեց Կյուրեղ աղայի և Հազարխան խաթունի վրա, մորուքից ներքև բառեր թափելով։

— Տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա, տե՜ր, ողորմեա…

Հազարխան խաթունն անմիջապես հանգստացավ և ինքն էլ խաչակնքեց, նրա համար պարզ եղավ, որ տերտերր ուրվական չէր, այլ կենդանի մարդ, բայց Կյուրեղ աղայի հոգու վերջին սյուները խորտակվեցին, որովհետև քահանայի երևալն արդեն մահվան ստույգ գալուստը համարեց։

Տեր Համբարձումը եկել էր շատ քնքուշ ձևով հասկացնելու Կյուրեղ աղային, որ առավոտյան իր վճարած երեք գավաթի գինն ավելի էր, քան եթե վեցի համար սովորական գինը վճարած լիներ, բայց փողոցում հանդիպելով հարևաններին և իմանալով նրանցից, որ Կյուրեղ աղան իր վերջին ժամերն էր ապրում, ներս էր մտել, իբրև թե հիվանդին մխիթարելու համար էր եկել։

— Տե՛ր պապա, գողացածներս ետ տվի, ըսե՛, կը փրկվի՞մ,— հարցրեց Կյուրեղ աղան։

— Ծառա Հիսուս Քրիստոսի, ամենը տվի՞ր։

— Տեր պապա, ինչ որ միտս էր՝ տվի։

— Ամենը, ամենը ետ պիտի տաս։

— Մահս ուշացուր, Տեր պապա, ամենքն ըլ հիշիմ ու տամ։

— Աստված ըլլա օգնական։