Էջ:Կյուրեղ աղայի մահը 23.jpg

Այս էջը սրբագրված է



— Հազարխա՛ն, ինչ ունիմ-չունիմ հանե՛, տերտերին տուր։

Հազարխան խաթունը կասսից մի քանի ոսկի վերցուր և տվեց Տեր Համբարձումին։

— Տո՛ւր, բոլո՜րը տուր,— բղավեց Կյուրեղ աղան։

Հազարխան խաթունը տատանվեց։

Կյուրեղ աղան նորից գոռաց.

— Տո՛ւր կըսեմ։

— Քա՛, Տեր պապան ծակ աչք չէ, հերիք է։

— Չէ՛, տո՛ւր, բոլորը տուր, մեկ փարային կարոտը թող մնամ, որ ազատվիմ էս կրակեն։

Հազարխան խաթունը տատանվեց. ինչպե՞ս բոլոր եղած-չեղած փողերը հաներ և լցներ տերտերի բուռը։

— Տո՛ւր, Հազարխան խաթուն, տո՛ւր, թող խեղճին հոգին թեթևանա,— ասաց Տեր Համբարձումը։

Հազարխան խաթունն զգաց, որ տերտերր պատեհությունը գտել էր ամուսնուն կողոպտելու, մի քանի ոսկի էլ սահեցրեց նրա ափի մեջ և ասաց.

— Էսքանով ըլ տեր պապան կը բարեխոսի աստուծո առաջ։

Կյուրեղ աղան կատաղեց, որովհետև կարծում էր, որ կինը խնայում է, որպեսզի իր մեռնելուց հետո իրեն մնա, սկսեց գոռալ.

— Դուն չե՛ս ուզեր, որ կրակեն ազատվիմ, տո՛ւր կըսեմ, տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր…

Տերտերը բարձր ձայնով արտասանեց.

— Երանի անոնց, որոնք աղքատ են, վասնզի անոնցն է երկնի թագավորությունը։

— Հա՛, շիտակ է, երկնի թագավորությունը, ես վաղ անցա աշխարհքեն, երկինքը, տո՛ւր, Հազարխա՛ն, տո՛ւր։

Կյուրեղ աղան տեսավ, որ կինը համառում է, փորձեց վեր կենալ, որ ինքը տա, չկարողացավ, նորից ընկավ երեսի վրա, բայց խելագար ճչերով սկսեց աղաղակել.

— Ւնչո՞ւ չես տար, կը պահես, որ սատկելես վերջը՝ տակդ դնես ու ուտե՞ս, տո՛ւր, իմ գողցած փարաս չէ՞, տո՛ւր կըսիմ։

— Կուտա, Կյուրեղ աղա, կուտա,— ասաց տերտերը և մոտենալով նրան, գրկեց և նստեցրեց, գլխի տակ բարձ դրեց և ավելացրեց,— կուտա կոր, կուտա կոր։

Հազարխան խաթունն էլ չկարողացավ դիմադրել և բոլոր