Էջ:Կյուրեղ աղայի մահը 25.jpg

Այս էջը սրբագրված է

որ լռություն լիներ։ Տերտերը դադարեցրեց և ավետարանը երկարացրեց Հազարխան խաթունին, որ համբուրեց և խաչակնքեց։

Տեր Համբարձումը մտածեց, որ լավ ժամանակ էր կծկելու։

— Մնաք խաղաղությամբ,— ասաց տերտերը և դուրս եկավ սենյակից։

Հազարխան խաթունը գնաց ետևից և բակում կտրելով նրա առաջն սկսեց.

— Տե՛ր հայր, կուզեմ աջդ պագնեմ ու բան մը ըսիմ։

— Ըսե՛, աղջիկս, ըսե՛։

Հազարխան խաթունը համբուրեց նրա ձեռքը և ասաց.

— Տե՛ր հայր, էդ բոլոր փարաներն առիր, մըզի հեչ բան մը չմնաց։

— Ընծի համար չըպիտի պահեմ, աղջիկս, տի տանիմ աստծո հանձնեմ, կը կարծես ճե՞պս տի դնիմ։

Հազարխան խաթունը չհամարձակվեց որևէ մի բան ավելացնել, երբ տերտերն Աստուծո խոսքը գցեց մեջտեղ։

Տեր Համբարձումը դուրս եկավ և քայլեց տուն։ Բոլոր նրան տեսնողներն զարմանում էին նրա անսովոր արագ քայլերին։ Ոչ ոք չէր կարող գուշակել, որ նա մի քանի րոպե առաջ կողոպտել էր քաղաքի ամենամեծ գողերից մեկին՝ Կյուրեղ աղային։

Երբ Տեր Համբարձումը ոսկիները թափեց տիրուհու առաջ, նա զարմացած հարցրեց.

— Էս ի՞նչ փարա է։

— Հե՜չ, ասօրվա իրեք ֆինջանին փարան է, ետ առի։

— Քա՛,— բացականչեց տիրուհին։

Հազարխան խաթունը կանչեց երեխաներին, գրպանները չամիչ լցրեց և ուղարկեց իր քրոջ մոտ։

— Մորքուրիդ ըսե՝ էս գիշեր հոս պառկինք, առտուն մարս կուգա կր տանե,— պատվիրեց նա Սրբունին։

Հազարխան խաթունը երեխաներին ուղարկեց, որպեսզի թեթևանա նրանց հոգսերից և կարողանա հիվանդի բոլոր կարիքներին հասնել։

Երբ սենյակ բարձրացավ, արդեն մութն էր, վառեց լամպը և նայեց Կյուրեղ աղային։ Խռխռում էր, բայց հանգիստ էր։