անձնական մտորումները։ Ուստի հետաքրքրական և արժեքավոր են նաև Կոմիտաս-արվեստագետի և Կոմիտաս-մարդու նկարագրի ամբողջականացման տեսակետից։
Սովորաբար ասում են, թե երաժշտությունն ու պոեզիան արտահայտում են մարդու հույզերն ու ապրումները, հանրության, ժողովրդի տրամադրություններն ու նկրտումները։ Կոմիտասի երաժշտության համար նման բնորոշումը հույժ թերի կլիներ, որովհետև կոմիտասյան մեղեդիների մեջ ցոլանում Է մեր ժողովրդի ոչ միայն զգացական աշխարհը, այլև ամբողջ պատմությունը, հոգեբանությունը, ոգին։ Ոչ մի գիրք, ոչ մի կտավ չեն կարող արտահայտել մեր ազգային նկարագիրն այնքան հարազատորեն և այնպես ճիշտ, ինչպես անում են այն զարմանալի երգերը, որ մի բառով կոչվում են կոմիտասյան։ Այդ երգերի մեջ մեր անցած ճանապարհն է՝ գողթան մեղեդիներից մինչև քրիստոնեություն, 5-րդ դարի սահակ-մեսրոպյան նախաստեղծ շարականներից մինչև նարեկյան կես-հեթանոս, կես-հոգևոր և ամբողջության մեջ անզուգականորեն հուռթի տաղերը, որ զորացած են Արծրունյաց պետականության հզորությամբ ու խաղաղված ժողովրդի լավատեսությամբ, ապա միջնադարյան ամբողջ ալեկոծումներն ու տվայտանքները՝ պետականության կորուստ, պատերազմներ, գաղթ ու սրածություն, ավեր ու պանդխտություն, մինչև 19-րդ դարի և 20-րդի սկզբի ազգային-ազատագրական պայքարի հերոսական