Այս էջը սրբագրված է



Ա

1895-ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։

Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։

Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, և զանազան առակներով, ավետարանական պատմությանց մեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։

— Տղաս, հընկ-մընկ ընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենե ազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղ մարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց-կամաց, Օվանեսն ու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալ տեղը կուգա։

Մեսրոպ ձայն-ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթին տակ հազիվ հանդգնեցավ մլավել.

— Պապաս, աղեկ կ՚ըսես, բայց հարսը ի՞նչ պիտի ընեմ։

— Յավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր և կ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որ դառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։

Մեսրոպ այդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեց առայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչ իրականանար։

Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա և շահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամ վերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։

Բայց, քանի ժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկ հատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու