Այս էջը սրբագրված է

իռլանդացի տգետ բոսին, այլև քու արենակիցներուդ, չէ՞ որ Ամերիկա ավելի կանուխ գալու առավելությամբ կը հոխորտային։

Մեսրոպ ստիպված եղավ երթալ և գործարանի դռան առջև ամեն առավոտ սպասել, որպեսզի բոսը անցած ատեն ընտրեր անոնց մեջ իր հավնածը։ Այդ հավանումը կըլլար ըստ ֆիզիկական հարմարության։ Անոնք, որոնք ուժակազմ էին և, միևնույն ժամանակ, գլուխնին ուսերնուն վրա կախած՝ խեղճուկ ձևանալու համար, անոնք ավելի նախընտրելի էին բոսին աչքին։

Մեսրոպ նախ չի հաճեցավ իր գլուխը ծռել՝ մեծատան զավակ, խրոխտ կեցվածք մը հանդիսավորեց այնտեղ, խուսափելով բոսի աչքեն։

Իր տունդարձին ծանոթները չուզեցին որևէ նկատողություն ընել կամ խրատ տալ, որովհետև Մեսրոպ շատ գեշ եղանակով մը կշտամբեր էր զիրեն ըսելով․ «Ձեր խրատը ձեր խաֆային տվեք, ես խրատի պետք չունիմ»։

Բայց երբ օրերը ավելի ծանրացան և երկրե բերած մեկ քանի կարմիր ոսկիները կերավ, Մեսրոպ սկսավ «ծանոթներուն քսվիլ»։ Առաջին մարդը իրեն այսպես խոսեցավ.

"Պ. Մեսրոպ, այդպեսով դուն չես կրնար քու հորդ ունեցած հույսերը իրականացնել, էսի Ամերիկա է, գլուխդ քիչ մը վար առ, բոսը որ կանցնի, քիչ մը «քյուչյուքլեմիշ» եղիր, մեկ երկու օրեն գործ կուտա։

Մեսրոպ լռեց։ Դիմացինը այդ լռությունը նկատեց համակերպության նշան, բայց Մեսրոպի ներքին կյանքին մեջ ալիքներ կային, որոնք զգալի կրնային ըլլալ ուշադիր դիտողի մը համար։

Երկրորդ օրր Մեսրոպ մտավ դարձյալ գործ ուզողներու շղթային մեջ։ Այդ շղթային մեջ մարդիկ կային, որոնք բոսին փեշերը կը համբուրեին։ Նույնիսկ մեկը բուրդե հյուսված երկար գուլպա մը նվիրեց, զոր բոսը չառավ։ Մեսրոպ այդ օրը կոտրեց իր խրոխտությունը, գլուխը բավականին մոտեցուց ուսին, խուսափելով մյուս ստրուկ ձևերեն, բայց այդ արդեն բավական չէր։ Օրերը անցան և Մեսրոպ համակերպեցավ հայ գաղթականի բովանդակ ստրկամտության, գլուխը դպավ ուսին,