Այս էջը սրբագրված է

մեջքը կորաքամակ, բոսին երեսն ի վեր կեղծ ժպիտով մը, կարծես մորաքրոջ տղան ըլլար, և անգլերեն սովրած մեկ քանի բառեր գլտորեց, որոնք հասկանալի էին հայ գաղթականին, բայց ոչ իռլանդացիին։

Վերջապես բախտը օր մըն ալ ծիծաղեցավ անոր երեսին և բոսը մատի նշանով մը զինքը հրավիրեց ներս։ Այդ մատի հրավերը բավական էր, որ Մեսրոպ անմիջական կերպով գլուխը բարձրացներ և հեգնությամբ մը նայեր շուրջի մարդոց, ոչխարի նման հետևելով բոսի մատին։

Մեսրոպ կես ժամեն դուրս եկավ՝ արդեն գործը ապահոված երկաթի ձուլարանին մեջ, 4 դոլար 75 սենթ շաբաթականով։

Իրիկունը իր ծանոթները առին զայն ընդհանուր խումաճայի մեջ, որուն համար անիկա շաբաթական պիտի վճարեր 1 դոլար 75 սենթ։

— Շաբաթական 3 դոլար անպայման կավելցնեմ,— կը մտածեր ինքնիրեն և անսահմանորեն կուրախանար։

Անիկա հաշվեց ամսական ավելցնելիքը, ապա և տարեկանը, ապա և հինգ տարվանը… Շաբաթապան 3 դոլարը անխուսափելի կերպով պիտի ավելցներ, որովհետև 1.75 սենթ պիտի վճարեր թե՛ պառկելու և թե՛ ուտելու համար, ուրիշ ոչ մեկ ծախս թույլատրելի չէր։ Շաբաթ օրերը ամեն մարդ իր ճերմակեղենները պիտի լվար, պիտի կարկատներ, թատրոն չպիտի երթային, սրճարան չպիտի երթային, իսկ տունը ըլլալով գործարանին շատ մոտիկ՝ պետք չպիտի ունենային նաև թրամվայի դրամ վճարելու։

Այս օրերուն ամերիկահայ գաղթականը գաղափար չուներ քունի և ուտելիքի անհրաժեշտութենեն դուրս լույսի և օդի անհրաժեշտության մասին, կը բնակեին մութ և գրեթե անլուսամուտ սենյակի մը մեջ, ամեն մեկ սենյակի մեջ տեղավորվելով 5—7 հոգի այնքան սեղմ կերպով, ինչպես ընկույզի մը միջուկը ընկույզի կճեպին մեջ։

Ծախսերը կրճատելու համար անոնք ակամա հավատացին բուսակերության։ Բուսակերությունը և յուղի պակասը կամաց-կամաց զիրենք թուլացուցին, բայց ոչ զգալի կերպով, որովհետև Խարբերդի դաշտին կենսունակությունը տակավին կը համառեր մնալ անոնց մեջ ատեն մըն ալ։