Այս էջը սրբագրված է



Սովորություն կար այն օրերուն, որ հայ մը, գործ առնելուն պես, ձեռքե դրամ կուտային անոր, որպեսզի ուղարկե երկիր՝ մինչև անիկա հնարավորություն ունենար կամաց-կամաց պարտքը վճարելու։ Չէ՞ որ իր ծնողները լսած էին, որ Ամերիկայի փողոցներուն մեջ դրամը թափված կըլլար, միայն անհրաժեշտ էր, որ հայերը երթային և հավաքեին զանոնք։

Մեսրոպ առաջին առիթով 10 օսմանյան ոսկի ուղարկեց, ըսելով, որ 5 ոսկին իր ճամբու ծախսի փոխարեն վճարեն, իսկ մյուս 5 ոսկին ալ ուտեն՝ մինչև ինք կարենա նորը ուղարկել։


Գ

Մարտիկյան տան անդամներու փոխհարաբերությունները արագորեն փոխվեցան Մեսրոպի հեռանալեն ետքը։

Հաճի Մարկոս աղան դարձավ ավելի և ավելի խստապահանջ և կոպիտ։

— Գլուխիս ճիշտ քար կաղա կեսարս,— ըսած էր հարս Աղավնին օր մը հարևան տիկիններեն մեկուն, որ առանց ուտել-խմելու գացեր և Հաճի Մարկոս աղային հաղորդեր էր հարսի գանգատը։

Այս գանգատը լսելե հետո Հաճի Մարկոս աղան այնպիսի զայրույթ մը ցուցադրեց տան մեջ, որ ավելի դաժան էր, քան սուլթան Համիդի խստությունները։

Սկզբի օրերը Հաճի Մարկոս միայն բավականցավ հարսին երեսը կոռոփով թքել և անհարկի հայհոյանքներ տեղալ, բայց երբ լսեց, որ հարսը կը շարունակե իր սիրտը ուրիշին բանալ և գանգատներ ընել՝ օր մըն ալ եկավ տուն և թաց փայտով մը ծեծեց խեղճ հարսը, որուն ամուսինը Ամերիկայի մեջ ենթարկված էր կորաքամակ ստրկության և անչափելի զրկանքի իր տան պատիվը բարձր բռնելու համար։

Հարս Աղավնին օրերով մտածեց տանեն փախչիլ, բայց ո՞ւր պիտի երթար, իր հայրը մեռած էր աղքատ վիճակի մեջ, իսկ մայրը երկու ջահել աղջիկներու հետ մնացած էր ուրիշներու տան սեմերուն վրա և զավակները կապրեցներ հաց թխելով։ Աղավնին կը մտածեր, որ եթե առնանցը տունեն փախչելու ըլլար՝ պիտի վտանգեր իր փոքրիկ քույրերուն վարկը, առնող չպիտի ըլլար, պիտի մնային տունը՝ պատճառելով