Այս էջը սրբագրված է



Բախտը նորեն Մեսրոպի քիթն ի վեր ծիծաղեր էր և շաբաթականը անակնկալ հավելումով մը ուռեցած էր։

— Ութը դոլար տասնևհինգ սենթ… Գիտե՞ս ինչ փարա է,— կըսեին շատերը,— ահա տարի մը չըներ գալը, հարուստի տղա էր, հիմա Ամերիկայի մեջ ալ կը բանի։

Մեսրոպ իր խոստումը լիուլի կատարեց, իր ընկերները լավ մը հրճվեցան, խմեցին իր զավակներուն, հորը և մորը և իրեն կենացը։

Իր ծանոթներր կամաց-կամաց կփոխեին իրենց վերաբերմունքը Մեսրոպի հանդեպ, այլեւս նախկին արհամարհական ավելորդ կեցվածքը չի պահեցին, իսկ Մեսրոպ ալ նախկին եղածները մոռացության տվավ։

Մեսրոպ երկիրը եղած ժամանակ տավուտի ձայն ուներ և երբեմն-երբեմն, նշանված ատենը, մանավանդ, երբ վերջերս տան տնտեսական պայմանները եկան մռայլել անոր երիտասարդության աստղազարդ երկինքը՝ ձեռքը կը տաներ ականջին և սրտեն, հոգիեն բխած մեկ քանի թուրքերեն երգեր կը կանչեր։ Այս քեֆին օրր իր ծանոթներր հիշեցին անոր տավուտի ձայնը և շատ խնդրեցին, որ անգամ մը ձեռքը ականջին տանի։

— Ամա՜ն, պարոն Մեսրոպ, անգամ մը բերանդ բաց սա պիրային վրա։

— Առջի ձայնս չէ մնացեր, մարեր է,— վրա եկավ Մեսրոպ։

Ընկերները ստիպեցին, շատ թախանձեցին և տեսան, որ Մեսրոպ սկսավ խռչափողը մաքրելու պես բաներ ընել՝ այն ատեն բոլորը լռեցին։

— Վա՜յ, յավրում, վա՜յ, երկիրը հիշեցի, առջի նշանածիս աղբարն ալ աղեկ կը կանչեր։

Մեսրոպ սկսավ,

Գալանըն ալթի թիքեն,
Պենի յաքտըն գըզ իքեն,
Ալլահ տե սենի յագսըն
Իւնչ կյունլյուք կելին իքեն։

— Մաղե, մաղե, բերանիդ ղուրպան,— ընդմիջեցին «գաղթականները»։