Այս էջը սրբագրված է

և պատրաստ պոռալու՝ երբ Պողիկը մութին մեջ մոտեցավ հորը և սպառնագին շեշտով մը՝

— Եթե նորեն պոռաս՝ դուն գիտես,— ըսավ ցած ձայնով մը։

Հաճի Մարկոս չի կրցավ տանիլ իր փոքրիկ տղուն այս ըմբոստությունը, մանավանդ սպառնական տոնը։

— Քեզ մուկի պես կը սատկեցնեմ,— պոռաց հայրը։

— Ես մուկ չեմ, դուն ինձ մեծ աղբարը չի կարծես, համբերանքը սահման ունի։

Մայրը անմիջապես ցատկեց անկողնեն և ուզեց միջամտել։ Աննա խաթուն ճրագ բերավ և տեսավ հայր ու տղա մութին մեջ կայնած, երկուքն ալ շապիկով-վարտիքով, առաջին անգամ մոտեցավ տղուն, որովհետև անոր միայն նազը կանցներ և խնդրեց, որ ներս երթա։

Մոր միջամտությունը պատճառ եղավ, որ Պողիկը ավելի տաքարյունություն ցույց տա, ձեռքով մեղմիվ մեկ կողմ հրեց մորը և աչքերը հառելով հորը, ըսավ՝

— Համբերանքս չի հատնի՜։

Հովհաննես տակավին կը քնանար, որովհետև քունը շատ ծանր էր, հարսը կը շարունակեր իր ցավագին ճիչերը։

— Աղեկ նայիր, որ ճանչնաս, ես քու հայրդ եմ,— ըսավ Հաճի աղան։

— Աղեկ կը ճանչնամ քեզ։

— Է՜, որ աղեկ կը ճանչնաս՝ ձայնդ վար դիր։

— Աղեկ ճանչնալուս համար ձայնս ավելի պիտի բարձրացնեմ, եթե դուն անգամ մըն ալ համարձակիս հարսին վրա գազանություններ ի գործ դնել։

Հաճի Մարկոս աղան անմիջապես չի պատասխանեց։ Խելքին չէր պառկեր այս ապստամբությունը և անմիջապես չի կրցավ ըմբռնել իրականությունը, որովհետև բոլորովին անակնկալ կերպով կը ներկայանար իր առջև։ Կանգնած տեղը, վարտիքը վեր քաշելով, ճգնեցավ մտածել, բայց չի կրցավ որոշ եզրակացության մը գալ և հանկարծ ծռեցավ գետին և կոշիկներեն մեկը առնելով՝ նետեց Պոզիկի գլխուն։ Պոզիկ հանկարծակի եկած՝ չի կրցավ խուսափել հարվածեն։ Հարվածը ուտելեն հետո հարձակեցավ հորը վրա և բռնելով մեկ ձեռքով բեղեն և մյուսով ալ սկսավ բռունցքներ տեղալ գլխուն։