Այս էջը սրբագրված է



Այս բոլորին համար ոչ մեկ փոքրիկ խղճահարություն Հաճի աղայի կողմեն, անիկա տակավին իր էշը կը քշեր, գանգատելով և հայհոյելով.

— Ի՞սչ ըսել է, որ իմ տղաս հարսի մը համար իմ դեմ գլուխ տնկցնե, ես ատ ուտողներեն չեմ, դուք գիտցա՛ծ ըլլաք։

Աննա խաթունի թելադրությամբ՝ Պողիկ տունը ձգեց և գնաց ազգականի մը քով ապաստանելու, մինչև որ Հաճի Մարկոս աղայի եղջյուրները կակուղնային, մինչև որ քիչ մը ամոթ զգար իր հոգիին մեջ։

Այս եղելությունները, սակայն, տարբեր անդրադարձում ունեցան հարս Աղավնիի վրա։ Երբ 15 օրեն ոտքի կանգնեցավ, որովայնի ծանրութենեն ազատած և մյուս զավակն ալ կորսնցուցած, այլևս երբեք չի մտածեց հլության, հնազանդության, լեզուն ետ քաշելու մասին, այլ ընդհակառակը սկսավ առիթներ փնտրելու, որպեսզի կարենար բոլոր քաղաքի առջև Մարտիկյան աղան և իր ամբողջ գերդաստանը խայտառակել։

Մեկ քանի օր կազդուրվելեն հետո՝ Աղավնին մտածեց, որ արդեն իրեն ոչինչ չէր մնացած մտահոգության առարկան դարձնելու, իր քույրերու համար չէր կրնար կյանքը ամբողջ խաչելություն դարձնել, ամուսինը արդեն, այդպես կը մտածեր, զինքը մոռցած էր, որովհետև ամեն նամակի մեջ կը գրեր հորը. «Հուսով եմ Աղավնիին լավ հոգ կը տանիք», իսկ իր սեփական նամուսը չէր կրնար խնդրո առարկա ըլլալ, որովհետև ամեն մարդ պիտի հասկնար խնդրույն խորքը, և ոչ ոք չպիտի գտնվեր, որ զինքը մեղադրեր։

Աղավնին գիշեր մը հիշեց, որ Հաճի Մարկոս աղայի բարկության ամենազգայուն առիթն էր առավոտ ուշ արթննալ։ Գիշերվնե Աղավնի որոշեց առավոտ անկողնեն չելլել, որպեսզի կեսրարը մտներ ննջասենյակը և սկսեր պոռալ, մնացածը ինք գիտեր, թե ինչպես պիտի կազմակերպեր։

Աղավնի առավոտ մը կանուխ արթնացավ, շորերը հագավ, կամաց մը վար գնաց և պարան մը բերավ ու հագված վիճակի մեջ դարձյալ մտավ անկողինը՝ պարանը գրկած։

Հարսի գուշակածին պես՝ Հաճի Մարկոս աղա առավոտ արթնցավ, մեկ նայիր՝ հարսը գա, երկուք նայիր հարսը վար իջնա, երեք նայիր, բայց հարս չիկա։

— Շուն շանորդի,— գոռաց հանկարծ հրեշը,— դուն տահա