Այս էջը սրբագրված է

պառկե՞ր ես, արևը պորտիդ վրա է ծագեր,— և մտավ հարսի ննջասենյակը և հայհոյանքներով վերմակը քաշեց։

Հաճի Մարկոս աղա այս ընելը գիտցավ, հարսը, նախկին հլու գառնուկը, այս անգամ ինքն ալ գազանացավ և պարանը ձեռքը բռնած վազեց դուրս դեպի տանիքը և սկսավ պոռալ ու ճչալ.

— Շուտ հասե՜ք, օգնեցե՜ք, չեմ ուզեր, եկեք աստծո սիրույն, շու՜տ եկեք։

Հաճի Մարկոս աղա վազեց տանիքը, բոլորովին այլայլված վիճակի մեջ, կը ջանար հարսի բերանը գոցել, որ չի պոռա, բայց այդ ընելով պատահարը ավելի եղերական կը դարձներ, որովհետև բառը կիսատ թողած, երբ Հաճի աղան բերանը կը գոցեր, հարսը բերանը ազատ տեսնելուն պես բառը կը վերջացներ՝ դուրսիններուն տալով ճիշտ ու ճիշտ պատկերը օգնության հասնելու եղելության մը, խեղդվուքի մը։

Հովհաննեսը առտուն կանուխ գացեր էր տունեն դուրս, Պողիկը արդեն տունը չէր մնար, միայն Աննա խաթունն էր, որ տանիքին վրա իր ստվերը բերավ և ահաբեկված քաշվեցավ ետ՝ ներս երթալու և տախտակամածին վրա իյնալու և մարելու։

Դրացիները հասան՝ կին, տղամարդ, նույնիսկ երեխաներ, և տեսան, որ Հաճի Մարկոս աղա կը ջանա հարսի բերանը գոցել։ Դրացիներու միջամտությամբ աղաղակը դադրեցավ, և հարսը արցունքներու մեջ և կտրած-կտրած ձայնով մը ըսավ.

— Այս հրեշը չար դիտում ունի, ահա պարանը, բերեր է, որ ինծիս կապե և իր չար միտքը ի գործ դնե, ալ չեմ դիմանար, ինծիս ազատեցե՛ք այս շանը ձեռքեն, տղուն երթալուն սպասեց, որ ամեն խաղ խաղա գլխուս, զավակիս գլուխը կերավ, ծունկերուս վրա տակավին վերքերը տեղն են, տեսե՜ք,— և բանալով ծունկերը, ցուցուց վերքերը, որոնք տակավին չէին լավացած։

Հաճի Մարկոս աղայի լեզուն, առաջին անգամ ըլլալով, քաշվեցավ և չի կրցավ պատասխան մը գտնել։ Բոլորը սկսան նայիլ Հաճի Մարկոս աղային վրա աչքերնին չռած, կիները սոսկում մը ունեցան Հաճի Մարկոսեն և սկսան ետ-ետ քաշվիլ։

Հարսի կեսարոջ աչքերը կարմրած էին և ինկած դուրս,