Այս էջը սրբագրված է
Ը

Այս էր Հաճի Մարկոս աղայի գրած նամակը.— «Կը գրես, որ մի ըստ միոջե տեղեկություն տամ տանը մասին։ Փա՜ռք Աստծո, մինչի գիրս ամենքս ողջ և առողջ ենք։ Մայրդ քիչ մը ծերացեր է քու դերդեդ, տղաքը մեծցած են, հարսը երթալեդ ասդին ավելի և ավելի է խլավցեր։

Տանը մեջ եղած անհամությունը այս է։ Պողիկը երթալեդ հետո շատ երես առավ, քոլեճը դրինք չի դրինք՝ այդ տեղի անկիրթ վարժապետներեն դաս առավ և սկսավ ինծի դեմ ըմբոստանալ։ Իրիկունները ուշ կուգա, աղջիկներու հետ պատուհաններուն առջև, պատերուն տակը, գերեզմանատան մեջ «էհե՜, իհի՜» կը խնդա, իմ ալ քիչ մը սընըրիս դպավ, քանի անգամ հանդիմանեցի, վերջապես հայր եմ, չեմ կրնար դիմանալ, Պողիկն է, երեսիս դեմ ցցվեցավ և, ամոթ է ըսելս, ելավ, որ ինծի ծեծե, դուն ըլլիս կը համբերե՞ս. տուն են վռնդեցի, մինչև հիմա է որ երեսը չեմ նայիր։ Մայրդ քանի անգամ խնդրեց, որ ներս առնեմ՝ օգուտ չըրավ, նույնիսկ դրացիները միջնորդեցին, բայց խոսքս խոսք է, ներս չպիտի առնեմ, մինչն որ քթին հովը իջնա։ Աս ալ ավելցնեմ, որ հարսը Պողիկին կողմը բռնեց, ես ալ բնականաբար բարկացա, որովհետև շատ սրտիս դպավ, դուն եթե հոս ըլլայիր, մի՞թե անոր կողմը պիտի բռնեիր։ Հարսը գացեր գանգատեր է դրացիներուն, որ ես իրեն բարկացեր եմ։ Բարկությունս ալ ի՞նչ է եղեր, հարցուր, ըսեր եմ, թե քեզի կը վայլե՞ր, որ հորը դեմ ըմբոստ տղու մը կողմը բռնես, անոր թեր ելլաս։

Ասկեց ավելի խոսք որ ըսած եմ՝ բերանս պապանձի, աչքերս քոռնան, քու երեսդ չի տեսնամ բարով։ Ինչ որ է, հարսին ներեցի, որովհետև չգիտությամբ ըրավ, բայց չեմ կրնար ներել Պողիկին, որ համարձակությունը ունեցավ իր հարազատ հոր վրա վազելու՝ ծեծելու համար։

Մեր տան ամբողջ պատմությունը սա է, տղա՛ս, ուրիշներու խոսքին չի հավատաս և սերդ պաղեցնես մեր վրա։

Ես առտուն-իրիկուն մորդ հետ միասին քու վրա կաղոթենք, որ գործդ հաջողի։

Բոլորն ալ կը բարևեն քեզ, մայրդ կը պագնե երկու աչքերդ։ Հովհաննեսն ալ լավ է, բայց ան ալ Պողիկի տեսակեն է, թեև