Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ Աղավնին մտածեց երբեք երևան չելլել և բոլորովին հուսախաբ ընել իր կեսուրն ալ, բայց քիչ մը տրամաբանելե հետո գտավ, որ իր կեսուրը ոչ մեկ անխղճություն չէր ըրած իր հանդեպ, ընդհակառակն, խեղճ կնոջ վերջերս ցույց տված ծերության հայտնի նշանները ուրիշ բան չէին, եթե ոչ իր գլխուն վրա ի գործ դրված վայրագությանց արդյունքը։ Աղավնին դուրս ելավ իր առանձնասենյակեն և իր կեսուրը տեսնելուն պես փաթթվեցավ անոր վզին, և կեսուր և հարս բավական երկար լացին դառնապես, կարծես մեռել մը ըլլար իրենց առջև։

Աննա խաթուն այդ լացեն հետո արդեն վստահ էր, որ հարսը պիտի համաձայներ տուն գալ, բայց իր միամտությունը չարաչար կերպով պարտվեցավ, երբ Աղավնի հայտարարեց․

— Մեռնելս գիտնամ, այդ տունը անգամ մըն ալ ոտք չեմ կոխեր, անիծվեր այն օրը, որ պսակվեցա և այդ տունը մտա։— Եվ խորին համակրանքով մը ավելցուց։— Մայրի՛կ, ես քեզի ալ կը ցավիմ, ո՛վ գիտե ինչեր ես քաշեր այսքան տարիներե ի վեր այդ գազանին ձեռքը։ Ես քո ոտքիդ հողն եմ, ինչ որ ըսես՝ կընեմ․ կուզես երթամ կամովին թաղվիմ գերեզմանոցին մեջ, բայց այս տունը ալ չեմ գար։

Աննա խաթուն այնքան ուժ չուներ փորձեր ընելու, համոզիչ խոսքեր ըսելու, միայն արցունքներու մեջ կմկմաց.

— Ղարիպ զավակիս սիրույն, հարսնո՛ւկս, ան ալ մեղք է, անոր նամուսն ալ գետին կիյնա։

— Ես անոր ըրածները չեմ կրնար մոռնալ։ Ես տակավին իմ հարազատ մորս ալ չեմ պատմած ինչ որ ըրած է ինձ կեսարս։

— Գիտեմ, զավակս, գիտեմ, բայց շատը գնաց, քիչը մնաց։

— Ասկից հետո ի՞նչ ակնկալիքներ ունիմ, զավակ մը ունեի՝ ան ալ մեռավ, պարզապես իր գազանության պատճառով։

— Հարսնո՛ւկս, սիրո՛ւնս, սրտիս հատո՛րը,— կուլար և կեղերերգեր Աննա խաթունը, որուն սրտին մեջ կաթիլ-կաթիլ ցավ կը կաթեր արդեն։