Այս էջը սրբագրված է

Պողիկ։— Հետո գիտես Հարությունի բնավորությունը, բանե մը որ զզվի՝ կը զզվի, մինչև բերանը զզված է, կերևի որ Հարությունը խրատեր է Աղավնին տուն են հեռանալ նոր խայտառակությանց տեղի չտալու համար։

— Մայրս ի՞նչ դիրք բռնեց,— հարցուց Մեսրոպ։

— Խեղճ մայրդ ի՞նչ կրնա ընել, նորեն միևնույն՝ ձևով կաղաչեր, կը խնդրեր և կր քաշվեր մեկ անկյունը և գիշեր ու ցորեկ կուլար ու ծնկներուն կը զարներ։

— Հիմա մենք ի՞նչ պիտի ընենք,— վերջին անգամ ըլլալով հարց տվավ Մեսրոպ,— դուն ինծի խելք մը տուր, ես խելքս կորսնցուցեր եմ։

— Մեզի կը մնա,— պատասխանեց Պողիկ,— ամեն ջանք թափել և Աղավնին Ամերիկա ձգել։

Այս խոսքին վրա Մեսրոպ ականջները երկու մատնաչափ կախեց և սկսավ մտածել։

— Ինչո՞ւ այդպես կը մտածես,— հարցուց Պողիկ։

— Ի՞նչ չի մտածեմ,— պատասխանեց Մեսրոպը,— տակավին քու քաշած փոխգիրդ չեմ վճարած, ինչպե՞ս կրնամ երկրորդ 150 դոլար մըն ալ պարտք ընել։

— Քանի որ այդպես է, Աղավնիին ճամբու ծախսը իմ վրա, ես կը զոհեմ, նաև կը վճարեմ իմ քաշած փոխգիրիս պարտքը, վաղը իսկ ես գործ կառնեմ։

Մեսրոպ քաջասրտություն ստացավ Պողիկի այս խոսքերուն վրա, հանկարծ միտքը ինկավ, որ Պողիկը անգլերեն գիտեր և պետք չուներ երթալու իրեն և իրենպեսներուն նման կանգնելու գործարանին դռան առջև և սպասելու ընտրության։

Եվ իսկապես ալ երկրորդ օրն իսկ Պողիկ հաջողեցավ իր երկրեն բերած ամերիկացիներու հանձնարարականները գործածել և շահավետ գործ մի ձեռք ձգել։

Երբոր իրիկունը տուն վերադարձավ՝ Մեսրոպի այնպես թվեցավ, որ Պողիկը իրմե առաջ Ամերիկա գաղթած էր, իրմե ավելի ճարպիկ և լեզվանի։

― Մի՛ վախնար, աղբա՛ր,— ըսավ Պողիկ,— 15—20 օրեն ամեն ինչ կարգին կիյնա։ Ես այսօր արդեն խոսեցա խանութին տիրոջը հետ և բացատրեցի իմ վիճակս, խոստացավ մեկ ամիսեն ինձ պետք եղած գումարը տալ,