Այս էջը սրբագրված է

աչքերը առանց շարժելու անընդհատ և խորագույն բաղձանքով և կարոտով նայեցավ անոնց և հոգին ավանդեց։

Հաճի Մարկոս աղա իր մեռած կնոջ բավական երկար նայելե հետո, մինչև Հարություն կը հեկեկար, քաշվեցավ մեկ կողմ և քթին տակ մրթմրթաց.

— Ինչ որ պիտի ընեմ, ասկից հետո պիտի ընեմ, մինչև հիմա ես կը լսեի, այս կնոջ խաթեր համար էր, ասկից հետո տեսեք, թե ինչե՜ր պիտի ընեմ։

Հարություն այս լսելով, մոռցավ իր մոր դիակր, որ կես գիշերին կը տարածվեր իր առջև աղոտ մոմի մը երերացող լույսին տակ՝ զայրացավ և բացավ բերանը.

— Ասիկա քու ոճիրներուդ վերջինը չէ, բոլոր տղոցդ գլուխն ալ պիտի ուտես՝ ապա դուն այս աշխարհի օձիքեն պիտի բաժնես քու ճանկերդ։

Հաճի Մարկոս աղա չի պատասխանեց մեռելի սիրույն, բայց իր մտքին մեջ որոշ վայրագություններ կերազեր։

Հարություն արցունքոտ աչքերով դուրս ելավ կեսգիշերին մեկ քանի դրացիներ կանչելու համար։ Երբ մեկ քանի կիներու հետ վերադարձավ տուն տեսավ որ հայրը մորը գլուխը դրած իր ծունկերուն վրա՝ բարձր ձայնով կուլա և կըսե.

— Քառասուն երկու տարի միասին ապրեցանք առանց ձայն ֆստուկի, օտար աղջիկը եկավ ու քու հոգին մաշեցուց, վա՜յ, վա՜յ, վա՜յ, վո՜ւյ։

Հարություն կարևորություն չընծայեց հոր կեղծ լացերուն, օգնեց դրացի կիներուն՝ ջուր տաքցնելու և մեռելրը լոգացնելու։

Ջուրը տաքնալեն հետո Հարություն մինակը գրկեց իր մայրը, բերավ խոհանոցը, երկարեց երկար տախտակին վրա և քաշվեցավ դուրս, որպեսզի կիները հանվեցնեն և լոգացնեն։

— Անա՜մ, անա՜մ,— կըսեին դրացի կիները,— տահա ութը օր առաջ տընկըր-տընկըր կըներ, ի՞նչ պատահեցավ խեղճ կնոջ, տղաքը ղարիպության մեջ։

Մինչ դրացի կիները իր մայրը կը լոգացնեին, Հարություն գնաց դուրս, դեպի եկեղեցիի ժամկոչին տունը, դուռը ծեծեց, արթնցուց ժամկոչը և հայտնեց իր մոր մահը և խնդրեց, որ առավոտուն կանուխ քահանային լուր տա, նաև