Այս էջը սրբագրված է

երթա շուկան և դագաղ մը գնե և բերել տա տուն։ Ժամկոչը խոստացավ առավոտուն ամեն պատրաստություն տեսնել թաղման համար։

— Դուն հոգ մի ըներ, պ. Արթին,— ըսավ ժամկոչը,— ատիկա մեր պարտականությունն է։

Մինչև որ տուն վերադարձավ մայրը լոգացած էր, մաքրված իր հիվանդության հոտերեն, մազերը հյուսեր էին և գլխուն երկու կողմերը կախած, թևերը ծալլած էին խաչաձև և կուրծքին վրա դրած և հագվեցուցած այն մետաքսյա հագուստով, զոր Հարություն ժամկոչին երթալեն առաջ հանձնած էր դրացի կիներուն, մորը սնդուկը բանալով և հանելով անկե։

Հարություն դարձյալ գրկեց իր մայրը, որ սառույցի պես պաղած էր, և բերավ հյուրասրահ և պառկեցուց նոր փռված ճերմակ անկողնի մը վրա։

Աննա խաթուն պառկած էր այնտեղ, կարծես խաղաղորեն կը քնանար։

Հաճի Մարկոս տակավին նստած կը մնար միևնույն տեղը, սիգարեթ սիգարեթի վրա կը վառեր և ո՛վ գիտե ինչ լրբություններ կը մտածեր ընելու թաղում են անմիջապես հետ։

Առավոտուն մեծ բազմություն մը հավաքված էր տունը թաղման ներկա գտնվելու համար։ Ննջեցյալը բարեկամներ իրենց ուսերուն վրա առած փոխադրեցին եկեղեցի։ Ավագ քահանան պատարագ մատույց Աննա խաթունի հոգիին համար։ Պատարագեն հետո թաղումը կատարվեցավ տեղվույն ազգային գերեզմանոցի շրջափակին մեջ, հոն, ուր թաղված էր Հաճի Մարկոս աղայի հայրը, Աննա խաթունի կեսարը, և զինքն ալ թաղեցին ճիշտ անոր կողքին։ Հարություն չէր մոռցած իր հետ բերել Մեսրոպի և Պողիկի լուսանկարները։ Հարություն դրավ զանոնք դագաղին մեջ, մորը ճիշտ կուրծքին վրա և թևերր խաչաձևեց վրա։

Աղավնին չէր զլացած պատարագին ներկա ըլլալ խորին տխրության մեջ, բայց մինչև գերեզմանոց չեկավ։

Հողը թափեցին Աննա խաթունի տառապալից ոսկորներուն