Այս էջը սրբագրված է

վրա, և անոր համար ամեն ինչ վերջ գտավ այս աշխարհի վրա։

Հարություն տուն վերադարձին քաշվեցավ սենյակ մը և չուզեց այցելողներուն երևալ։

— Ամեն մարդ թող իրեն գործին երթա,— կըսեր։

Բայց Հաճի Մարկոս աղա բոլոր «սիրտ առնողները». ընդունեց և գրեթե ամենուն ալ պատմեց հետևյալ պատմությունը։

— Մեր Աննիկին մեռնելու պատճառը ան անզգամ հարսն էր, հինգշաբթի օրը ելավ գնաց մոտը, աղաչեց, խնդրեց որ տուն վերադառնա և անոթի մորը տունը անոթի չի կենա, բայց անզգամը ոնտեր էր քովեն։ Աննիկը սիրտը կոտրած տուն եկավ, գլուխը դրավ բարձին վրա և ան դնելն էր որ դրավ, ա՛լ ոտքի չի կանգնեցավ, և այսօր ալ թաղեցինք խեղճ կինը։ Մեկու մը որ հարս չի գա՝ չի գար, մեզի հարս չեկավ, ինչ ըրինք, ինչ չըրինք, բան մը չեղավ, վերջը-վերջը փախավ տունեն գնաց։

Հարություն գիտեր, որ իր հայրը բոլորովին պիտի խեղաթյուրեր պատմությունը, բայց չէր ուզեր գալ և այցելողներու ներկայության խայտառակել զինքը։

Շատերը պատարագին ներկա գտնվեցան պարզապես տեսնելու Աղավնին, որուն մեկուսացում են ետքը, ինչպես գիտենք, առասպելներ կը պատմվեին։ Աղավնին երբեք չէր փոխված, միևնույն աղջիկն էր, բայց զգալիորեն նիհարցած, սև հագուստներ էր հագած և պատարագին ատեն մռայլ և ընկճված երևույթ մը ուներ։ Բայց թաղեցի բամբասող կնիկներ կրցին նոր առասպելներ հյուսել անոր շուրջը․

— Տեսա՞ր, մեջքը ետին կը քաշեր, կըսեին քի սախտեր է, սուտ չէ։

— Կեսարոջ զարկածը պելլու էր, տեսա՞ր ինչպես կաղ կը քալեր, կըսեն քի կեսարը երկաթով ոտքին է զարկեր։

Եվ այսպիսի սուտ տարաձայնություններ, որոնք, հա՞րկ կա ըսել, բովորն ալ շինծու էին։ Կային պարկեշտ կիներ, որոնք կըսեին.

— Քա՜, անա՛մ, ինչ որ կըսեն, սուտ է, աղջիկը ինչ որ էր, ան էր, բան մըն ալ չի կա։