Այս էջը սրբագրված է



ԺԴ

Աննա խաթունի թաղումեն հետո երկու նամակներ ղրկվեցան Ամերիկա։ Մեկը գրված էր Հարությունի կողմեն, իսկ երկրորդը՝ Հաճի Մարկոս աղայի։

Հարություն կը գրեր.

«Սիրելի եղբայրներս,

Երեկ, կիրակի, հողին հանձնեցինք մեր մայրիկը կարճ հիվանդութենեն մը հետո։ Բժիշկները ըսին, որ այս հիվանդության պատճառը եղած է երկար տարիներու ցավ մը, որ կամաց-կամաց խեղճ կնոջ թոքերը մաշեցուցեր է։ Դուք գիտեք այդ ցավը, որ վերջերս, ինչպես Պողիկը լավ գիտե, ավելի վատ կերպով անդրադարձավ մորերնուս վրա։ Այս մարդը բոլորիս ալ գլուխը պիտի ուտե, կրնա ըլլալ, որ սուտ-փուտ բաներ գրե, չի հավատաք։ Ելավ մայրերնիս ղրկեց Աղավնիին քով, որ տուն բերե, Աղավնին չեկավ, ես ալ համամիտ չէի, որ գար, որովհետև այս գազանը պակաս մնացածը պիտի լրացներ, մայրերնիս տուն դարձին հիվանդ պառկեցավ և ալ ոտքի չելավ, բժիշկները ըսին ինծի, որ անմիջական բանի մը արդյունք չէ այս հիվանդությունը, այլ երկար տարիներու մաշում։ Ես ձեզմե մեկ խնղրանք ունիմ—շուտով Աղավնին տանեք ձեզ մոտ, իմ մասին մի մտածեք, ես ալ կերպով մը ինքզինքս արտասահման կը ձգեմ, այս մարդուն քով կենալ, մորս մահվընեն հետո, չըլլար։

Կարոտներով՝ Հարություն»։

Իսկ Հաճի Մարկոս աղա կը գրեր.

«Սիրելի զավակներս Մեսրոպ և Պողիկ.

Այս գրովս կուզեմ ձեր որպիսությունը հարցնել, եթե մեզ կը հարցնեք մինչև գիրս փա՜ռք աստծո ողջ և առողջ ենք, բայց դժբախտություն մը պատահեցավ, այդ դժբախտության պատճառն ալ մեր անզգամ հարսն էր։ Մայրերնիդ երեկ հողին հանձնեցինք, ի տեր աստված փոխադրվեցավ։ Մեռնելեն 8 — 9 օր առաջ գնաց անզգամ հարսին մոտ աղաչելու և աղերսելու, որ տուն գա, բայց անզգամը մերանցը տունեն վռնդեր էր, մորերնուդ սիրտը կոտրած, ետ եկավ, գլուխր դրավ բարձին ու ա՛լ վեր չառավ, կըսեն քի անզգամ հարսը գլխուն հատ մը զարկեր է, վասնզի ամբողջ հիվանդության