Այս էջը սրբագրված է

ատեն գլուխս, գլուխս կըսեր ու կերթար։ Քիչ գրես շատ իմացեք, որ մորերնուդ մահվան պատճառը իմ մեծ տղուս Մեսրոպին անզգամ կինը եղավ։ Ինչ որ եղավ՝ ինծի եղավ, Արթինը մտեր իրեն օդան, դուրս չելլեր և հետս չի խոսիր, ան անզգամն ալ դուրսերը հազար բաներ կը խոսի, ես մնացի տան անկյունները, աստված ինձ օգնության հասնի։ Միակ մխիթարանքս դուք եք, աստված ձեզ պահե, ամե՛ն…

Հայրերնիդ՝
Հաջի Մարկոս աղա»։

Պողիկի ներկայությունը բավական էր, որ Մեսրոպ կարենար ճշմարտությունը տեսնել այս երկու նամակներուն մեջ։

Հաճի Մարկոս աղա Մարտիկյան բացարձակապես կը ստեր, կը խեղաթյուրեր խնդիրները։ Մինչև այս նամակները հասնիլը Պողիկ կրցած էր արդեն Աղավնիի ճամբու ծախսը ճարել և նաև մաս մըն ալ օգնել իր եղբոր՝ իր փոխգրի պարտքը վճարելու համար։ Աղավնիի ճամբու ծախսը ղրկեցին Հարությունին՝ պատվիրելով, որ առանց աղմուկի ճամբա հանե Աղավնին և խնդրեցին Հարությունեն նաև, որ եթե կարելի է տանի Աղավնին և հորերնուն հետ հաշտեցնե Ամերիկա մեկնելե առաջ։

— Կը կարծե՞ս, որ Արթին դավաճանություն մը ընե և դրամը առնելուն իրեն համար գործածե և Աղավնիին չիտա,— կասկած հայտնեց Մեսրոպ։

Պողիկ զայրացավ այս խոսքին վրա, որ մինչև անգամ Հարությունի վրա կը կասկածեր իր մեծ եղբայրը։

— Հայրս որ դավաճանեց, ինչո՞ւ եղբայրս չի դավաճանե,— ըսավ Մեսրոպ։

Պողիկ այս խոսքին վրա լեզուն վար դրավ և ոչինչ չպատասխանեց։

Մեսրոպ Պողիկեն զատ ոչ ոքի չէր հավատար այլևս իր հոր արարքներեն ետքը, ի բնե արդեն քիչ մը կասկածոտ էր, ավելի և ավելի խորացուց իր կասկածելու բնավորությունը։

Իրենց մոր մահվան լուրը առնելե ետքր՝ այլևս ոչ Մեսրոպ և ոչ ալ Պողիկ հորերնուն նամակ գրեցին, միայն կը գրեին