Այս էջը սրբագրված է

Հարությունին և անոր նամակին մեջ ալ ոչ մեկ բարև չէին հիշեր։ Դրամ ուղարկելն ալ կտրեցին, միայն Աղավնիի ճանապարհի ծախսը ղրկած ատեննին գրեցին, որ այդ դրամը քիչ մը շատ է, ավելցածն ալ ինք կրնար գործածել տան պետքերուն համար։

Դարձյալ Մեսրոպն էր, որ երբեմն Պողիկին կըսեր.

— Այդ մարդը ըրածը ըրավ, բայց մենք պարտականություն ունինք քիչ թե շատ հոգատարություն մը ընելու,— բայց Պողիկ անհողդողդ կը մնար իր հոր հանդեպ տածած ատելություններով մեջ։

— Մորս մահվանեն ետքը ես ոչ մեկ պարտականություն չեմ զգար այդ գազանի հանդեպ․ հիմա կուրանամ, որ այդ մարդը իմ հայրս եղած է,— կըսեր։

Մեսրոպ չէր կրնար հաշտվիլ այդ գաղափարին հետ և միշտ կը պնդեր, որ ամիսն անգամ մը քիչ մը դրամ ուղարկելու է։

— Թերևս դուն աչքովդ չի տեսար, ատոր համար չես զգար,— կը պատասխաներ Պողիկ,— եթե տեսնայիր, այդպես կակուղսիրտ չպիտի ըլլայիր։

Մեսրոպ չի համոզվելով գաղտնի 5 ոսկիի փոխգիր մը առավ և ղրկեց հորը առանց որևէ նամակի։ Պողիկ որևէ տեղեկություն չունեցավ այս խնդիրեն, և Մեսրոպ իր շաբաթականը տուն բերած ատենը, որովհետև բոլոր հաշիվները Պողիկի ձեռքը անցած էին, ստեց, որ շաբաթականըն կտրած էին։

Պողիկ հավատաց, որովհետև կը խորհեր, թե Մեսրոպ այդպես անխելքություն չպիտի ըներ։

Մեսրոպ խղճի տեր մարդ մըն էր։ Տրամաբանության պակասը մարդուն մեջ կուժեղացնե խիղճը և այդ մարդը կը դարձնե իր անզոր, անկամ և մինչև անգամ աննկարագիր գերին։

Մեսրոպի մեջ ողբերգականորեն կը պակսեր տրամաբանելու, դատելու գործոնը, ըստ որուն անիկա օժտված էր խղճով և հիվանդագին զգացողությամբ մը։ Անիկա երբեք չէր կրնար մտածել, որ հայրը գիշերանց գացեր էր իր կնոջ ննջասենյակը և ուզած էր բռնի կերպով շնանալ անոր հետ