Այս էջը սրբագրված է

միմիայն իր բացակայութենեն օգտվելով։ Իսկ Պողիկ այդպես չէր․ ուներ ուժեղ, անողոք և անգութ տրամաբանություն, կը դատեր դեմքերն ու դեպքերը պաղարյունությամբ և իմաստությամբ։

— Իմ հայրս բոլորովին անպետք ու անպետք ըլլալե ավելի վնասակար անասուն մըն է,— կը հայտարարեր անիկա։

Մեսրոպ իր հոր նկատմամբ այդպես չէր կրնար արտահայտվիլ, իր հոր համար անասուն բառը չէր կրնար գործածել։

Համենայնդեպս Պողիկ կրցավ Մեսրոպր իր ձեռքին տակ առնել և ուզածին պես գործածել։


ԺԵ

Հաճի Մարկոս աղա իր կնոջ մահվընեն ետքը գրեթե մնաց միս-մենակ։

Հարություն առևտրական տան մը մեջ կաշխատեր առավոտյան արևածագեն մինչև արևամուտ, գործի ժամեն ետքն ալ դուրսը կերթար և կը ճաշեր և իրիկունները շատ ուշ ատեն տուն կը վերադառնար միայն քնանալու համար, գրեթե հոր երեսը չէր տեսներ։ Հայրը շատ անգամներ դիտմամբ չէր քնանար, կսպասեր իր տղուն, բայց տղան տուն գալե ետքն ալ հազիվ երկու խոսք կր փոխանակեր հետը և կը քաշվե իր առանձնասենյակը։ Այդ մեկ քանի խոսքի փոխանակությունն ալ ուրիշ բան չէր, եթե ոչ հարցնել, թե արդյոք Ամերիկայեն նամակ կա՞։

Հաճի Մարկոս աղա Աննա խաթունի մեռնելու ընթացքին շատ բան դրած էր իր միտքը, որ պիտի ըներ—պակաս մնացածը պիտի լրացներ— բայց իր կնոջմեն հետո, երբ գտավ Հարությունի պաղ վերաբերմունքը, տղոց նամակ կտրելը՝ վերին աստիճանի խեղճացավ և գլուխը կախեց իր ուսերուն վրա, լեզուն առավ վար և իր համրիչին ապավինած՝ քաշվեցավ մեկ կողմ և սկսավ տխուր, մռայլ և անգութ կյանք մը վարել։

Երբ Աննա խաթունի քառսունքը լմնցավ, մեկ քանի բարեկամներու,