Այս էջը սրբագրված է

Պողիկ Մեսրոպին,— բայց նամակ մի գրեր, անմիջապես երես կառնե, եթե նամակ ալ պիտի գրես, իմ կողմես բարև և այլն չգրես։

Մեսրոպ ջանաց համոզել իր փոքրիկ եղբայրը, որպեսզի հինը մոռնա, քիչ մը լայնախոհություն, մանավանդ լայնասրտություն ցույց տա, բայց որքան որ Հաճի Մարկոս աղա համառեր, Պողիկն ալ անկե վար չէր մնար, տղա և հայր զիրար չէին հավներ, բայց համառության մեջ իրարու կը նմանեին, ավելին՝ կը գերազանցեին։

Մեսրոպ լռեց՝ ուրիշ առիթով ավելի մեղմ և ավելի նպաստավոր ձևով խոսքր բանալու և Պողիկին առաջնորդելու դեպի լավագույն զգացումներ։

Խաղաղ էր տան մեջ անոնց կյանքը։ Պոռացող, հայհոյող և բռնապետող գոյություն չուներ։ Երկուքն ալ առավոտուն կերթային գործի և ժամը 5-ին կուգային տուն՝ ճաշելու և շուտով անկողին երթալու։

Իսկ հարս Աղավնին ալ երբեմն-երբեմն խարբերդցիներու տուները այցելության կերթար։

Խաղաղ էր կյանքը, բայց անհրապույր։ Երբեմն Վահրամն էր, որ զվարթություն կը բերեր տան մեջ։

Մեսրոպ իրիկունը տուն գալեն հետո սրունքները կը տնկեր և անկողնին վրա կես ժամ կերկարեր հանգիստ ստանալու համար, ապա ոտքի կկանգներ՝ միայն ճաշելու և անմիջապես անկողին մտնելու։ Միայն երբեմն կը խոսեր, որուն նյութը միշտ իր բոսին մասին էր։

— Այսօր քիչ մը երեսը կը խնդար,— կըսեր Մեսրոպ գոհունակությամբ իր բոսի ժպիտը իր վրա հրավիրելու համար։

Պողիկ այդպես չէր սակայն։

Ասիկա արդեն անգլերեն լեզուն քիչ և շատ սորվեցավ, իր առաջին մարզանքները սկսավ ի գործ դնել ամերիկուհիներու վրա։

— Պողի՛կ, խուզի՛ս, (գառս) այդ աղջիկները փորդ չեն կշտացներ, էլի (օտար) աղջիկներ են, իրիկունները քունդ առ, որ մյուս օրը կարենաս գործիդ աղեկ նայիլ և փարա վաստկիլ։

— Փորս կշտացնելու համար չէ, որ աղջիկներուն հետ