Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/7

Այս էջը սրբագրված է

Պարլամենտի ներկայ կազմը ընտրուած է սոյն թուականի Յունիս ամսին, նստաշրջանը սկսած է Օգոստոսից։ Ունի 80 անդամ։ Այդ կազմը լրացուելու է աստիճանաբար, Հանրապետութեան սահմանների լայնացման հետ միասին, համաձայն նոր կցուելիք մասերի ազգաբնակութեան։

Կառավարութիւնը կազմուած է 8 մինիստրութիւններից, արտաքին գործերի, նեքին գործերի (սրա մէջ է մտնում նաեւ բժշկա-սանիտարիա, հաղորդակցութեան ճանապարհներ, փոստ եւ հեռագիր), զինուորական, ֆինանսական (սրա մէջ մտնում է առեւտուր եւ արդիւնաբերութիւն), արդարադատութեան, հանրային կրթութեան, պարէնաւորման եւ խնամատարական (վերջին երկուսը ունեն ժամանակաւոր բնոյթ)։

Կառավարութեան գլուխ կանգնած է առաջին մինիստրը, որ է եւ նախագահ մինիստրների խորհրդի։

Առաջի մինիստրը ընտրւում է պարլամենտի կողմից։ Մինիստրական կաբինետը կազմում է (մինիստրներներին պաշտօնի է հրաւիրում) առաջին մինիստրը։

Առաջին մինիստրը ներկայացնում է պարլամենտին մինիստրների կազմը եւ կառավարութեան յայտարարութիւնը (դեկլարացիան) իր վարելիք քաղաքականութեան մասին։ Պարլամենտի հաւանութիւնը այդ յայտարարութեան ընդունւում է իբրեւ վաւերացում կաբինետի։

Կառավարութիւնը պատասխանատու է պարլամենտի առաջ։ Եթէ կառավարութեան որեւէ գործունէութեան առթիւ պարլամենտի մեծամսանութիւնը յայտնում է իր անվստահութիւնը մինիստրական կազմը ներկայացնելու է իր հրաժարականաը եւ փոխարինուելու է նոր կազմով։

Մինիստրութեան խորհրդի ներկայ նախագահ առաջին մինիստր դոք. Ա. Խատիսեանը երկար տարիներ եղել է քաղաքագլուխ Անդրկովկասի մայրաքաղաք Թիֆլիսում։ Նախընթաց կաբինետի մէջ նա վարում էր ներքին, ապա արտաքին գործերի մինիստրութիւնները, լինելով միաժամանակ փոխանորդ նախկին պրեմիեր Քաջազնունուն։

Միւս մինիստրները Անդրկովկասում հանրածանօթ հասարակական եւ քաղաքական գործիչներ են, համալսարանական կրթութեամբ։

Պետական լեզուն հայերէնն է։ Հայերէն չգիտեցող քաղաքացիները իրաւունք ունեն կառավարութեան հետ յարաբերել իրանց մայրենի կամ ռուսերէն լեզուով։

Բոլոր կրօնները ունեն Հանրապետութեան մէջ կատարեալ ազատութիւն եւ հաւասար իրաւունքներ։