Էջ:Հայաստանի Հանրապետութիւն, Հովհաննէս Քաջազնունի.djvu/8

Այս էջը սրբագրված է

V. ՕՐԷՆՔՆԵՐ

Հանրապետութեան մէջ ժամանակաւորապէս գործադրւում է ռուսական օրէնսդրութիւնը, բացի այն մասերից եւ յօդուածներից, որոնք հակասում են ռամկավարական-հանրապետական կարգերի ոգոյն։

Ռուսական օրէնսդրութեան վրայ աւելացած են այն անջատ օրէնքները, որ մշակել է ինքը Հայաստանի պարլամենտը իր 14 ամսուայ գոյութեան ընթացքում։

VI ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Հայաստանի ազգաբնակութեան ամենամեծ մասը (մինչեւ 85 %) հողագործ գիւղացի է։ Մեծ քաղաքներ, ինչպէս նաեւ խոշոր գործարանային արդիւնաբերութիւն (փոքր բացառութիւններով) Հայաստանի սահմանների մէջ չկայ: Հայ մեծ վաճառականները եւ արդիւնաբերողները կենտրոնացած են Հայաստանից դուրս Թիֆլիս, Բագու, Րոստով, Մոսկուայ, Պետրոգրադ եւ այլն։

Դրա փոխարեն Հայաստան շատ է զարգացած գիւղատնտեսութեան բոլոր ճիւղերը (հողագործութիւն, այգեպանութիւն, անասնապահութիւն, կաթնեգործութիւն եւ այլն), ինչպէս նաեւ մանր արդիւնարերութիւն։

a) Գիւղատնտեսութիւն. Հայաստանի կլիմայի բազմազանութիւնը (սկսած Արարատեան դաշտից, ուր մշակւում է բամբակ ու բրինձ, մինչեւ ձիւնապատ լեռները իրանց հարուստ արօտներով) հնարաւորութիւն է տալիս ամէն տեսակի մշակոյթների։

Գիւղատնտեսութեան վիճակը խոշոր գծերով բնորոշելու համար կարող են ծառայել հետեւեալ թուերը (քաղուած ռուսական պաշտօնական հետազօտութիւններից), որ ցոյց են տալիս, թէ ինչ կատեգորիաների են բաժանում Հայաստանի հողերը։

Գիւղերի եւ շինութիւնների տակ 32.500 հեկտար
Այգիներ (խաղողի, պտուղների, թութի) 34-600
Արտեր 1. 363. 000
Խոտհարքներ 214. 700
Արօտատեղեր (ամառային եւ ձմեռային) 2. 228. 500
Անտառներ 113– 900 3. 987.200