Ա.Ճ. ուժեղանում է նաև ըստ մթնոլորտի բարձրության, ընդ որում՝ ներքին շերտերում՝ ավելի արագ:
ՀՀ տարածքում արեգակնային գումարային ճառագայթումը մոտ 140-150 կկալ/սմ2 տարի է, Երևանում (942 մ բարձր.)՝ 142, Արագած բլկ-ում (3230 մ բարձր.)՝ 163 կկալ/սմ2 տարի: Ուղիղ ճառագայթման էներգիան ՀՀ-ում փոխվում է հետևյալ սահմաններում. 95 կկալ/սմ2 տարի՝ Մարտունի, 65՝ Սարավան, 57՝ Տաշիր, 50՝ Երևան: Արեգակի մասնիկային ճառագայթումը հիմնականում 500-1500 կմ/վ արագությամբ շարժվող պրոտոնների հոսքն է, որը գործնականում ամբողջապես կլանում է Երկրի մագնիսոլորտը: Հոսքի միջին խտութ. 100 իոն/սմ3 է, որն աճում է Արեգակի ակտիվությանը զուգընթաց:
ԱՐԵՎԱՓԱՅԼՔ, Արեգակի ուղիղ ճառագայթներով Երկրի մակերևույթի լուսավորումը: Բնութագրվում է տևողությամբ, օրական և տարեկան ընթացքով: Ա-ի տևողությունը չափվում է արևագրիչով (հելիոգրաֆ): ՀՀ տարածքում Ա-ի տարեկան միջին տևողությունը 1930-ից (Իջևան) 2780 ժ է (Մարտունի): Ա. առավել տևական է Արարատյան դաշտում, Սևանի ավազանում: Տարվա ընթացքում Ա-ի նվազագույն արժեքներ դիտվում են դեկտեմբերին՝ օրական 2-ից (Արտաշատ) 5,5 ժ (Մարտունի), իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4-ից (Վանաձոր) 11,9 ժ (Արենի): Առանց Ա-ի օրերի տարեկան միջին թիվը 19-ից (Սևանի թերակղզի) 64 է (Իջևան):
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ, աշխարհագր. բարեխառն լայնություններում տարվա բոլոր եղանակներին արմ-ից արլ. օդային զանգվածի տեղաշարժ (հոսանք) ներքնոլորտում և վերնոլորտում: Իշխում են շարժուն ցիկլոնները և անտիցիկլոնները, որոնց պատճառով եղանակները հաճախակի փոխվում են: Ա. օ. հ-ի առաջացումը պայմանավորված է արևադարձերից դեպի բարեխառն լայնություններն օդային զանգվածների տեղաշարժով և երկրագնդի իր առանցքի շուրջը պտույտով: ՀՀ-ում ամռանը գերակշռում են հվ-արմ. օդային հոսանքները՝ արևադարձային տաք օդային զանգվածները, որոնք առաջացնում են ջերմաստիճանի խիստ բարձրացում: Ձմռանը դիտվում են ինչպես հվ-արմ., այնպես էլ հս-արմ. հոսանքներ, որոնցով պայմանավորված՝ մի դեպքում դիտվում են բարձր, մյուսում` ցածր ջերմաստիճաններ:
ԱՐԻԴ ԿԼԻՄԱ (լատ.՝ aridus - չոր), չոր կլիմա, բնորոշվում է տարեկան և օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով և մթն. տեղումների համեմատ գոլորշունակության գերազանցմամբ: ՀՀ-ում Ա. կ-ի ձևավորումը պայմանավորված է խոնավության աղբյուրների հեռավորությամբ և Առաջավոր Ասիայի անապատների հարևանությամբ: Դիտվում է Արարատյան դաշտում և Արփայի ավազանում՝ մինչև 1200 մ, Սյունիքում՝ մինչև 600-700մ բարձրություններում: Ամռանը գերակշռում են չոր, շոգ եղանակները: Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին 24-26°C է, առավելագույնը՝ 40-42°C, նվազագույնը՝ 25-ից -32°C: Օդի հարաբեր. խոնավությունը իջնում է մինչև 30%: Լանդշաֆտը կիսաանապատային է, հաճախակի են խորշակները: Երկրագործությունն առանց արհեստ. ոռոգման անհնարին է: Պայմանները նպաստավոր են ոռոգովի խաղողագործության, պտղաբուծության, հացահատիկային և ջերմասեր բույսերի մշակության համար:
ԲԱՐԵԽԱՌՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է լեռնալանջերի և սարահարթերի մինչև 2400 ժ բարձրություններում: Կլիմ. սեզոնները համընկնում են օրացուցայինին: Ձմեռը ցուրտ է (տևողությունը՝ 3-4 ամիս), համեմատաբար՝ խոնավ, հաստատուն ձնածածկույթով (ձյան շերտի հաստ.՝ 5-40 սմ): Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -2-ից -8°C է, բացարձակ նվազագույնը՝-35°C: Գարունը մեղմ է, երկարատև, ամառը՝ տաք, չափավոր խոնավ, պարզ եղանակներով: Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին 20-23°C-ից 16°0 է, առավելագույնը՝ 36°C: Աշունը տաք է՝ անհողմ եղանակների գերակշռությամբ: Անսառնամանիք ժամանակաշրջանը 110-170 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 2100-3000°C, տարեկան տեղումները՝ 600-700 մմ: Լանդշաֆտը անտառային և տափաստանային է. հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ և պտղաբուծությամբ: Բ. լ. կ-ի գոտին նպաստավոր է ռեկրեացիոն (լեռն. հանգստավայրեր) և առողջարանային նպատակներով օգտագործելու համար:
ԲԱՑԱՐՁԱԿ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ տես Օդի խոնավություն հոդվածում:
ԲԵՎԵՌԱՓԱՅԼ, լուսարձակում Երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերում՝ 80-1000 կմ բարձրություններում: Դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100-ին դիտվել է չորս Բ.):
Բ-ի ժամանակ երկնքի ամբողջ հս. կողմը լուսավորվում է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով: Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մերթ անհետանում են, մերթ նորից հայտնվում: Հանկարծակի մութ երկինքն ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»: Պայծառ, հիասքանչ Բ. (հս-ում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ:
Բ. Արեգակի ակտիվության հետևանք է: Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզ. տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում