էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր: Հասնելով Երկրի մթնոլորտի վերին շերտեր՝ այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն:
Երկրագունդը մի վիթխարի մագնիս է, Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիս. ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հս. և հվ. մագնիս. բևեռները, և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են Բ-երը, որոնք ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը: Հենց արևաբծերի տիրույթներից տիեզ. տարածություն են արտանետվում այն մասնիկների հզոր հոսքերը, որոնք Երկրի վրա Բ. են առաջացնում:
Բ-ի աղեղները սովորաբար ձգվում են արլ-ից արմ. և երբեմն անցնում 5000 կմ-ից: Բ-երը հաճախ ուղեկցվում են Երկրի մագնիս. դաշտի խանգարումներով՝ մագնիս. փոթորիկներով. այդ դեպքում խախտվում է հեռավոր ռադիոկապը: Բ-երի ճառագայթման սպեկտրի միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը:
ԲՐԻԶ (ֆրանս.՝ brise - թույլ քամի), ծովազեփյուռ, ծովերի, մեծ լճերի, ջրամբարների, լայնահուն գետերի ափերին փչող, տեղական, օրական պարբ. քամի: Ընդգրկում է օդի մի քանի մետր ուղղաձիգ հաստության շերտ, որից վեր դիտվում է հակառակ հոսանք (հակաբրիզ): Ցերեկը փչում է ջրային մակերևույթից դեպի համեմատաբար տաք ցամաքը (ա), գիշերը՝ սառը ցամաքից դեպի ջրային մակերևույթ (բ): ՀՀ-ում առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա, Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին: Սևանա լճի ավազանում (հատկապես Մասրիկի դաշտի հատվածում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին: Լճից փչող Բ-ի արագությունը մինչև 1,8 մ/վ է, ցամաքից փչող Բ-ինը՝ մինչև 2,4 մ/վ (լեռն. քամու ազդեցությամբ):
ԲՈՒՔ, ձնախառը քամի ներքնոլորտի երկրամերձ շերտում: Հիմնականում առաջանում է ուժեղ քամու, բացասական ջերմաստիճանի (մինչև -10°C) և չոր, փուխր, նաև տեղացող ձյան պայմաններում: Տարբերում են գետնահուպ (ձյան տեղափոխումն ընթանում է անմիջապես ձնածածկույթի վրա՝ մինչև 1,5-2 մ բարձր, շերտում), ներքնաբուք (ձյան տեղափոխումն ընթանում է 2-3 մ բարձրության շերտում) և ընդհանուր (քամին ձյունը բարձրացնում է բավական վեր, որն էլ ուղեկցվում է տեղացող ձյան հետ) Բ-եր: ՀՀ տարածքում հաճախ են գետնամերձ և ընդհանուր Բ-երը. առաջանում են հոկտեմբեր-ապրիլին, հատկապես երբ իրար են մոտենում ցիկլոնային ու անտիցիկլոնային ճակատները: Ըստ բարձրության և բաց տեղանքում ավելանում է Բ-ով օրերի թիվը: Հաճախ, պայմանավորված տեղանքի բնական պայմաններով, այդ օրինաչափությունը խախտվում է: Բ-եր առաջանում են հիմնականում Սևանի ավազանում (ավելի քան 50 օր), լեռնանցքներում (առավելապես՝ Սիսիանի, Սևանի, 84 օր), Արագածում (122 օր), անտառածածկ Լոռու, Տավուշի մարզերում (անհամեմատ քիչ՝ 2-7 օր): Բ-ից փակվում են ճանապարհները, լեռնանցքները, խախտվում է տրանսպորտի երթևեկությունը, ցրտահարվում են գյուղատնտ. բույսերը (բացվում են աշնանացան ցանքերը): Ձնակուտակումներից պաշտպանվելու համար ճանապարհների եզրերին դրվում են պաշտպան. վահաններ, առանձին տեղերում տնկում անտառաշերտեր:
ԳԱՐՈՒՆ, տարվա եղանակ: Հս. կիսագնդում տևում է գարնանային գիշերահավասարի օրից (մարտի 21) մինչև ամառային արևադարձի օրը (հունիսի 22), Հվ. կիսագնդում՝ աշնանային գիշերահավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22): Ամիսներն են՝ մարտ, ապրիլ, մայիս: Հվ. կիսագնդում դրանք աշնան ամիսներ են: Գ-անը բնորոշ են ցիկլոնային շարժընթացների ուժեղացումը, օդի և հողի ջերմաստիճանների բարձրացումը, ֆենոլոգ. յուրահատուկ երևույթները: ՀՀ-ում Գ. կարճատև է՝ բուռն ընթացքով, սկիզբը համարվում է ձնածածկույթի վերանալը և օդի օրական միջին ջերմաստիճանների անցումը կայուն դրական ջերմաստիճանների, ավարտը՝ երբ օրական միջին ջերմաստիճաններն անցնում են 15°C-ից: Գ-ան սկիզբը, վերջը և տևողությունը ՀՀ-ում տատանվում են. հս-արլ. ցածրադիր շրջաններում Գ. սկսվում է հունվարի 2-րդ կեսին, Արագած բլկ-ում, Եռաթմբերում՝ մայիսի վերջին: Գ-ան եղանակային ռեժիմի վրա մեծ է ցիկլոնների և նրանց հետ կապված մթն. ճակատների ազդեցությունը: Հաճախ ՀՀ տարածք են թափանցում տաք օդային զանգվածներ, իսկ ցիկլոնների թիկունքից ներխուժող ցուրտ օդը պայմանավորում է ներզանգվածային շարժընթացներ, կոնվեկցիոն հոսանքներ, անկայուն եղանակ (ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետևանքով դիտվում են ցրտահարություններ): Բնորոշ են տեղատարափ անձրևները, որոնք ուղեկցվում են ամպրոպով, կարկուտով՝ հաճախ վնասելով գյուղատնտեսությանը: Տարեկան տեղումների առավելագույնը դիտվում է մայիսին: Գ-ան առաջին կեսին վերանում է