միավոր՝ 310 կմ երկարությամբ: Այս խոշոր ջրբաժանը ֆիզիկաաշխարհագրական սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև: Արեգունու լեռնաշղթայից Գետիկի հովտով բաժանվում է Միափորի լեռնաշղթան, որից ճյուղավորվում են Կենաց, Հախումի, Տավուշի, Խնձորուտի ոչ բարձր լեռնաշղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի և Աղստևի միջև:
2. Հրաբխային լեռնազանգվածների ու սարավանդների մարզը ՀՀ տարածքի մոտ 45 %-ն է. սկսվում է հս-արմ-ից՝ Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներով, ձգվում հվ., ապա հվ-արլ.՝ ընդգրկելով Արագած և Արայի լեռ լեռնազանգվածները, Գեղամա լեռնավահանը, Վարդենիսի լեռնաշղթան, Սյունիքի բարձրավանդակը: Մարզը բնութագրվում է լավային սարավանդներով, բազմաթիվ հրաբխային կոներով, թույլ մակերևութային հոսքով: Հրաբխային ռելիեֆի կարևոր ձևերից են արտաժայթուք կոները՝ առանց խառնարանի հրաբուխները. թթվային լավան, դուրս մղվելով, կուտակվել է երկրի մակերևույթին՝ առաջացնելով զառիթափ լանջերով կոներ կամ լեռնազանգվածներ. այն լավ արտահայտված է Սպիտակասար, Վարդենիս, Մեծ Իշխանասար լեռնագագաթներում:
Ծագումնաբանական տեսակետից այս մարզը խիստ տարբերվում է ՀՀ ծալքաբեկորավոր լեռների համակարգից: Տիրապետում են խիստ ծակոտկեն ու ճեղքավորված ջրաթափանց ապարները, և անգամ տեղատարափ անձրևների դեպքում մակերևութային հոսք հազվադեպ է ձևավորվում:
3. Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզն ունի խիստ մասնատված մակերևույթ, խոր հովիտներ ու կիրճեր, սրակատար լեռնագագաթներ: Ամենախոշոր լեռնագրական միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաներով և նրանց բազմաթիվ լեռնաճյուղերով, առանձին լեռնագրական միավոր է Խուստուփ- Կատարի աղեղնաձև լեռնաշղթան:
4. Միջլեռնային իջվածքների ու գոգավորությունների մարզ, լեռնաշղթաների միջև տարածվում են միջլեռնային գոգավորությունները, որոնց հատակի հարթ տեղանքը հայ ժողովուրդը ավանդաբար դաշտ է անվանել: Առավել խոշոր միավորը Արարատյան գոգավորությունն է. վերջինիս հատակում Արարատյան դաշտն է՝ ծածկված անթրոպոգենի հզոր՝ մինչև 500 մ հաստության լճագետային նստվածքներով: ՀՀ արլ-ում Սևանի գոգավորությունն է, հատակում՝ Սևանա լիճը: Նշանավոր են նաև Լոռու, Շիրակի, Ապարանի, Մասրիկի դաշտերը:
Լոռու դաշտում գետի քայքայիչ աշխատանքի հետևանքով գոյացել է գեղատեսիլ Դեբեդի հովիտը, որը թողնում է երկհարկանի հովտի տպավորություն (առավել խորությունը՝ 350 մ): Այստեղ ամենուրեք խոր կիրճեր են, դարավանդներ, ժայռեր ու կատարներ, բլուրներ՝ ծածկված սաղարթախիտ անտառներով, ծաղկավետ մարգագետիններով: Ձորի հատակին ոլորապտույտ Դեբեդն է:
Այս բաժնին վերաբերող Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական քարտեզները տրված են գրքի առաջին և վերջին կցաթերթերում: