ժամկետները, արոտային ժամանակաշրջանի տևողությունը և այլն:
ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ, երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարվա բաժանումը չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)։ Հս. և Հվ. կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են: Տ. ե-ի առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ: Ուղեծիրը տիեզ. տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 ժ (1 տարի) ընթացքում: Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հս., մեկ հվ. բևեռներով: Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հս., մերթ Հվ. կիսագունդը, որի հետևանքով էլ Հս. կիսագնդի ամառը համընկնում է Հվ. կիսագնդի ձմռան հետ, և հակառակը: Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հվ. կիսագնդից անցնում է Հս. կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում: Երկրի Հս. կիսագնդում սկսվում է գարունը (Հվ-ում՝ աշունը): Արեգակը 12 ժ գտնվում է հորիզոնից վեր: Գարնան տևողությունը 92,8 օր է: Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հս. կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՛ հս. լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով: Սկսվում է ամառը (Հվ. կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր: Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հս. կիսագնդից անցնում է Հվ. կիսագունդ: Սկսվում է աշունը (Հվ. կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր: Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հվ. է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՛: Նրա ճառագայթները թեք են ընկնում Հս. կիսագնդի վրա, և հորիզոնից վեր այն գտնվում է կարճ ժամանակ: Սկսվում է ձմեռը (Հվ. կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր:
Երբ Հս. կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին: Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում Տ. ե-ի վրա:
ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ մթնոլորտային, մթնոլորտում տեսանելիության հեռավորություն, դիտողից այս կամ այն պղտորության օդային շերտով բաժանված առարկաները տեսնելու հնարավորություն: Տարբերում են ցերեկային, մթնշաղային, գիշերային, նաև լուսատուների և սեփական լույսից զուրկ մարմինների մթնոլորտային Տ.: Բնութագրվում է տեսանելիության հեռավորությամբ, դա այն հեռավորությունն է, որից սկսած՝ առարկան մթնոլորտի օդի պղտորության պատճառով դառնում է աչքի համար ոչ նշմարելի: Օդում գտնվող փոշու հատիկները, ջրի մանրատար կաթիլներն ու բյուրեղները, ցրելով լույսը, տեսանելիությունը նվազեցնում են մինչև մի քանի կմ, երբեմն՝ մի քանի տասնյակ մ (մառախուղի, տեղումների, փոթորիկների, մրրկափոշու և այլ դեպքերում):
ՀՀ-ում մթնոլորտային Տ-յան առավելագույն արժեքներ դիտվում են հիմնականում ձմռանը՝ արկտիկ. օդային զանգվածների թափանցումից հետո, նվազագույն արժեքներ՝ ամառային ամիսներին՝ կապված արևադարձային օդային զանգվածների ներթափանցման հետ, որոնք անապատային շրջաններից բերում են մեծ քանակությամբ փոշի, հատկապես Արարատյան դաշտում դիտվում է մթնոլորտային Տ-յան նվազում:
ՑԻԿԼՈՆ (< հուն, kyklōn - պտտվող), մթն. խոշորամասշտաբ պտտահողմ՝ կենտրոնում ցածր ճնշման արժեքով: Հորիզոն․ ուղղությամբ տարածվում է մինչև 2-3 հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը: Կենտրոնում դիտվում են նվազագույն (920-930 մբ) ճնշման արժեքներ: Երկրի շեղող (Կորիոլիսի ուժ) և շփման ուժերի հետևանքով Հս. կիսագնդում Ց. շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ, Հվ. կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ընթացքի ուղղույամբ: Ց-ին բնորոշ են զով ամառը և համեմատաբար տաք, ամպամած ու առատ տեղումներով ձմեռը: ՀՀ տարածքի եղանակային ռեժիմի վրա Ց-ներև ազդում են առավելապես գարնանը՝ առաջացնելով տեղումներ, ջերմաստիճան