Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/177

Այս էջը հաստատված է

ՀՈՂԵՐ

Երկրագնդի բնական պաշարների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում հողը, որը երկրակեղևի բերրիությամբ օժտված մակերևութային փուխր շերտն է: Այն առաջացել է լեռնային ապարներից՝ ֆիզիկական, քիմիական և կենսաբանական շարժընթացների համատեղ ներգործությամբ: Հողը վերականգնվող բնական պաշար է, սակայն այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում. 1 սմ հողի շերտ կարող է գոյանալ հարյուրավոր տարիների ընթացքում: Ճիշտ օգտագործելիս հողը ոչ միայն չի սպառվում, այլև բարելավվում է՝ բարձրացնելով իր արտադրական կարողությունը՝ բերրիությունը:

Հողային շերտով ծածկված է երկրագնդի ցամաքային մակերևույթի գրեթե 90 %-ը (134 մլն կմ2), որը և կազմում է երկրի հողային ֆոնդը: Վերջինս բաղկացած է տարբեր հողային տիպերից, որոնք գոյանում են տարբեր բնակլիմայական պայմաններում, տարբեր բուսածածկույթների տակ և տարբեր ապարների վրա: Գյուղատնտեսական, անտառներով և թփուտներով ծածկված հողերը կոչում են արդյունավետ, իսկ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների զբաղեցրած հողերը, ճահիճները, անապատները, բարձրլեռնային լերկ տարածքները՝ մասամբ արդյունավետ կամ անարդյունավետ հողեր: Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասարաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, բնակչության խտությամբ և տարածքի օգտագործման արդյունավետությամբ:

Հողային պաշարների խելամիտ օգտագործումը (պարարտացում, ոռոգում, առաջավոր գյուղտեխնիկայի կիրառում և այլն) կարող է բարելավել հողը, բարձրացնել նրա բերրիությունը, հակառակ դեպքում հողը կարող է կորցնել իր այդ գլխավոր հատկությունը:

Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի և քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի վերին՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղացնում են անտառահատումները, արոտավայրերի գերարածեցումը: Հողային պաշաղները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման հետևանքով: Դրանցից առաջին հերթին տուժում են վարելահողերը:

ՀՀ խիստ սակավահող երկիր է, որի հողային ֆոնդը կազմում է ընդամենը 2.974.259 հա: Մեկ շնչին բաժին ընկնող հողային տարածքի ցուցանիշով՝ 0,4 հա։ ՀՀ աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, 27 ենթատիպ, բազմաթիվ սեռեր, տեսակներ ու տարատեսակներ: Այդ 14 հողատիպերից 7-ը գոտիական են, որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային,