դաշտերում Հայկ. լեռնաշխարհում եղել է արորային Ե.: Մ.թ.ա. IX-VI դդ. Հայկ. լեռնաշխարհում ստեղծվել են նաև ոռոգման լայն համակարգեր՝ մ.թ.ա. IX դ. Մենուայի ջրանցքը, Շամիրամի ջրատարը, որը գործում է ցայսօր, և այլն, գործածվել են կատարյալ երկաթե խոփեր, գյուղատնտ. այլ գործիքներ, որոնց շնորհիվ զարգացել է Ե.: Այդ են վկայում պատմիչներ Ստրաբոնի, Հերոդոտոսի, Քսենոփոնի, Մովսես Խորենացու տեղեկությունները: Մշակվող բույսերը աճեցվել են հիմնականում քարքարոտ և ոռոգելի հողերում, իսկ դրանց սննդառությունը կարգավորվել է նաև պարարտացմամբ (գոմաղբ): Տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում մշակվել և կիրառվել են հողօգտագործման ինտենսիվությունը, հողի բերրիության վերականգնման ու բարձրացման եղանակները բնորոշող Ե-յան որոշակի համակարգեր: 1920-ական թթ-ից Հայաստանում աստիճանաբար ստեղծվել են Ե-յան ինտենսիվ համակարգեր, մեքենայացվել են գյուղատնտ. արտադրության տարբեր շարժընթացներ, բարելավվել է գյուղատնտ. տեխնիկան, լայնորեն կիրառվել է հողբարելավումը: 1991-ից նորաստեղծ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում սոցիալ-տնտ. կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, հաստատվել է հողի և գյուղատնտ. մյուս արտադրամիջոցների մասնավոր սեփականություն, որի զարգացումը պահանջում է ստեղծել Ե-յան նոր մոտեցումներ:
2004-ին ՀՀ գյուղատնտ. ցանքատարածությունները կազմել են 461000 հա, որից հւսցահատիկինը՝ 206433 հա, կարտոֆիլինը՝ 35735 հա, բանջարեղենինը՝ 22273 հա, բոստանայինը՝ 4035 հա, և այլն:
2004-ին ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 456184 տ, կարտոֆիլինը՝ 576427 տ, բանջարեղենինը՝ 600750 տ, բոստանայինը՝ 113108 տ, պտղինը՝ 113578 տ, խաղողինը՝ 148892 տ, և այլն:
ՀՈՂԱԲԱՇԽՈՒՄ, հողերի բաժանումը՝ ըստ նպատակային նշանակության, օգտագործման և սեփականության իրավունքի: Հ. կատարվում է ըստ սեփականության սուբյեկտների և ըստ գործառնական նշանակության: Տես Հողային ֆոնդ ՀՀ:
ՀՈՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱԳՐՈՔԻՄԻԱՅԻ ԵՎ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Հ.Պ. Պետրոսյանի անվան, ՀՀ գյուղատնտ. նախարարության: Կազմակերպվել է 1998-ին՝ Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ (1958) հիմքի վրա: Հիմն. խնդիրներն են հողերի ծագման, զարգացման, աշխարհագր. տեղաբաշխվածության օրինաչափությունների, ագրոարտադր. խմբավորման, հողերի շրջանացման, դասակարգման, ագրոկլիմ. բացահայտման, հողատարման շարժընթացների, հանքաբան. առանձնահատկությունների, հողբարելավման, հողակենսաքիմիայի և ֆերմենտատիվ ակտիվության ուսումնասիրումը, բերրիության բարձրացումը և այլն:
Ունի հողերի ծագման և աշխարհագրության, հողբարելավման, էրոզիայի, ագրոքիմիայի, տեղեկատվության բաժիններ, փորձահողբարելավող կայան (Արմավիր), հողաէրոզային (Սպիտակ, Սիսիան), ագրոքիմ. (Հրազդան, Արթիկ) հենակետեր:
Հ. ա. մ. գ. կ-ում ուսումնասիրվել և քարտեզագրվել է ՀՀ մարզերի, պետ. և անտառային ֆոնդերի հողային ծածկույթը, կատարվել են նոր պարարտանյութերի փորձարկումներ (սահմանվել են մշակաբույսերի պարարտացման արդյունավետ չափաբաժիններ), հողերի հակաէրոզային, բերրիության բարձրացման և արդյունավետ օգտագործման միջոցառումներ, նաև սոդային աղուտ-ալկալի հողերի բարելավման նոր տեխնոլոգիաներ: Հրատարակում է գիտ. աշխատությունների ժող. (1959-2005, պրակ 1-52):
ՀՈՂԱԾԱԾԿՈՒՄ, հողարկում, սակավ բերրի հողահանդակները բարելավելու նպատակով հողի բերրի շերտերի կամ հնարավոր բերրիությամբ ապարների հանման, տեղափոխման և այդ հողահանդակներում սփռման աշխատանքների համալիր: Հ. կիրառվում է նաև վերակուլտիվացման՝ հողերի բերրիության վերականգնման և շրջակա բնական միջավայրի պայմանների բարելավման նպատակով: Հ-ման եղանակով բարելավում են թեթև պոդզոլային, աղուտ և այլ սակավաբերրի հողերը՝ դրանց մակերևույթին հողի բերրի զանգված, հանքային պարարտանյութերով հարստացված ջրաբերուկներ լցնելով: Արդյունքում պարարտացվում է հողը, բարելավվում ջրաֆիզ. հատկությունները: Հ. առավել արդյունավետ է աղուտները բարելավելիս, դրանց մակերևույթը ծածկում են 10-15 սմ հաստության սևահողի կամ հումուսացված