Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/185

Այս էջը սրբագրված է

արտահայտվածությանը՝ այնուհանդերձ լեռնաստորոտներից դեպի լեռնագագաթները հաջորդաբար փոխվում են լանդշաֆտային գոտիները և դրանց համապատասխան՝ հողերի ծագումնաբան, տիպերը: ՀՀ լեռն, ռելիեֆի պայմաններում Հ-ի տիպերը դասավորված են վերընթաց գոտիականության օրինաչափությամբ: ՀՀ տարածքի հողային ծածկույթը խիստ բազմազան է:

Լեռնամարգագետնային Հ. կազմում են ՀՀ տարածքի 13,3%-ը (346 հզ. հա). հիմնականում զբաղեցնում են Հայկ. հրաբխ. բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձր֊ները: Այստեղ հողագրունտների ցածր ջերմաստիճանը և ուժեղ խոնավացումը նպաստել են գաճաճ, ուժեղ ճիմ առաջացնող հացազգի տարախոտային և ընդավոր բուս, խմբավորումների զարգացմանը, որտեղ բուս, մնացորդների թույլ հանքայնացումը նպաստել է ոչ հզոր տորֆացած շերտի և թույլ խտացված հումուսանյութերի ուժեղ կուտակմանը: Լեռնամարգագետնային Հ-ի մեծ մասի բուսածածկը հիմնականում օգտագործվում է անասնապահության համար՝ որպես ամառային կերի բազա: Այդ Հ-ի 31,2%-ը խիստ քարքարոտության, տրոհվածության, էրոզացվածության և թերի ջրարբիացման հետևանքով լիարժեք չի օգտագործվում գյուղատնտեսության մեջ: Լեռնամարգագետնային Հ-ի հումուսի պարունակությունը 13-20% է, ունեն թեթև մեխ. կազմ ու փխրուն կառուցվածք, միջինից ցածր կլանունակություն (15-20 մգ/էկվ) և թթվային ռեակցիա (pH=4,8-5,5), բարենպաստ ջրաֆիզ. հատկություններ:

Մարգագետնատափաստանային Հ. կազմում են ՀՀ տարածքի 10,8%-ը (283 հզ. հա), զբաղեցնում են Հայկ. հրաբխ. բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2100֊ 2600 մ բարձր֊ները: Գտնվում են չափավոր խոնավ, զով ամառ, խոր ձնածածկ և ցուրտ ձմեռ ունեցող կլիմայի ու մարգագետնատափաստանային բուսածածկույթի պայմաններում: Հողատիպի զարգացման շարժընթացում վճռական դեր են խաղացել հիմքերով հարուստ ապարները: Այս հողատիպի սահմաններում առանձնացնում են սևահողանման (օգտագործվում են որպես խոտհարք) և տիպիկ սևահողային ենթատիպերը (օգտագործվում են որպես արոտավայր): Հումուսի պարունակությունը 10-13% է, ունեն թույլ թթվային ռեակցիա, կլանունակությունը՝ մինչև 57 մգ/էկվ: Անտառային գորշ Հ. կազմում են ՀՀ տարածքի 5%-ը (133հզ. հա). հիմնականում գտնվում են հս-արլ-ում և հվ-արլ-ում, մեծ զանգվածներով հանդիպում են Տավուշում, Զանգեզուրում, Արցախի, Առավի լեռնաշղթաներում՝ 1300-2400 մ բարձր֊ներում, չափավոր տաք ու խոնավ կլիմայի, լվացվող ջրային ռեժիմի և բոխոլ, կաղնու, հաճարենու ծառատեսակների ծածկոցի պայմաններում: Անտառային գորշ Հ-ի մեծ մասը միջին հզորության, թույլ էրոզացված է՝ մարգագետիններով ծածկված: Վերին Հ-ի շուրջ 17%-ն օգտագործվում է որպես խոտհարք, արոտավայր և գյուղատնտ. որոշ բույսերի մշակության համար: Թեք լանջերի վրա գտնվելու, թույլ մասնատվածության պատճառով հաճախ ենթարկվում են հողատարման: Հումուսի պարունակությունը 4-8% է, ունեն միջին կլանունակություն (28-34 մգ/էկվ) և թթվային ռեակցիա (pH=4,6-5,9), բարենպաստ ջրաֆիզ. հատկություններ:

Ճմակարբոնատային Հ. կազմում են ՀՀ տարածքի 0,6 %-ը (15հզ. հա), փոքր զանգվածներով հանդիպում են Տավուշի, Սյունիքի մարզերում: Ձևավորվել են անտառային գորշ և դարչնագույն հողերի փոխանցման գոտում՝ կարբոնատներով հարուստ նստվածքների, հողմահարված նյութերի վրա: Զբաղեցնում են անտառային հողատիպերի տարածքի միայն 2,1 %-ը: Տվյալ հողատիպի սահմաններում առանձնանում են կրազուրկ և կարբոնատային ենթատիպերը: Ճմակարբոնատային Հ-ի տափաստանաց- ված տեսակներն օգտագործվում են որպես խոտհարք, արոտավայր, մասամբ՝նաև վարելահող: Հումուսի պարունակությունը 7,5-11% է, վերին շերտում ունեն չեզոք (pH=7,0-7,4), ստորինում՝ հիմնային (pH=7,8-8,5) ռեակցիա, հողալկալի հիմքերով հագեցած, միջին և միջինից բարձր կլանունակություն (37-56 մգ/էկվ), կավային և կավավազային մեխ. կազմ:

Անտառային դարչնագույն Հ. կազմում են ՀՀ տարածքի 21,6 %-ը (564 հզ. հա), զբաղեցնում են Լալվար- Լեջանի, Իջևանի, Գուգարաց, Բազումի, Փամբակի և Զանգեզուրի լեռնաշղթաների, Արցախի արլ. լանջերի 900- 2400 մ բարձր֊ները, հանդիպում են նաև տարբեր մասնատվածությամբ լեռնալանջերում և փոքրաթեք սարավանդներում: Գտնվում են չափավոր տաք, փոփոխական խոնավությամբ կլիմ. ու չոր ծառաթփուտա- տեսակներով հարուստ բոխու, կաղնու, թխկու անտառածածկոցի պայմաններում: Անտառային դարչնագույն Հ. բնորոշվում են կավայնացմամբ, զգալի քարքարոտությամբ, կավավազային մեխ. կազմով: Հումուսի պարունակությունը 4-6 % է, ունեն չեզոք կամ թույլ հիմնային (pH=7-8,2) ռեակցիա, միջին և միջինից բարձր կլանունակություն (30- 44 մգ/էկվ), կարբոնատների զգալի պարունակություն, բարենպաստ ջրաֆիզ. հատկություններ: Այդ Հ-ի 46,4 %-ը տարբեր աստիճանների տափաստանացված է, որից 27%-ն օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր:

Լեռնատափաստանային լանդշաֆտային գոտու սահմաններում հիմնականում գտնվում են լեռնային սևահողերը և շագանակագույն հողերը, զբաղեցնում են ՀՀ տարածքի գրեթե 36,7 %-ը (960 հզ. հա): Ձևավորվում են հրաբխ. սարավանդների և դրանց հարող Փոքր Կովկասի լեռն, համակարգի անտառազուրկ գոգավորությունների 1250-1800 մ բարձր֊ներում՝ շոգ և չոր կլիմայից մինչև չափավոր տաք, բավարար խոնավությամբ կլիմայի ու հացազգի տարախոտային բուս, խմբավորումների ազդեցության պայմաններում:

Լեռնային սևահողերը կազմում են ՀՀ տարածքի 27,5 %-ը (718 հզ. հա), զբաղեցնում են Հայկ. հրաբխ. բարձրավանդակի 1300-2400 մ բարձր, թեք սարահարթերը և լեռնալանջերը: Մեծ զանգվածներով գտնվում են Շիրակում, Փամբակում, Ապարանում, Լոռիում, Սևանում, Կոտայքում, Գորիսում՝ չափավոր տաք ու խոնավ կլիմայի, կիսալվացվող և լվացվող ջրային ռեժիմի պայմաններում: Զարգանում են հողալկալի հիմքերով հարուստ ալյուվիալ-դելյուվիալ և դելյու- վիալ կավավազների ու կավերի վրա: Առանձնանում են ծագումնաբան,