Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/203

Այս էջը հաստատված է

է 200, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. սանրակերպ (E. pectinata), Ա. սևանյան (E. sevanensis), Ա. Յուզեպչուկի (E. juzepczukii) և Ա. մազոտ (E. hirtella): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է մարգագետիններում, թփուտների մացառուտներում, քարերի մեջ, խոտածածկ լանջերին, առվակների երկայնքով և այլն:

Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձր.՝ 6-40 սմ։ Տերևները լայն ձվաձև են, հակադիր, նստադիր, սղոցաեզր կամ խոշոր ատամնաեզր: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, երկշուրթ, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն՝ մեկական, նստած տերևածոցերում: Ծաղկում է հուլիսի կեսերից: Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, բազմաթիվ: Դաշտավլուկազգիների ընտանիքի բույսերի մակաբույծ է: Դեղաբույս է. պարունակում է սրտային գլիկոզիդներ, օգտագործվել է նաև ակնաբուժության մեջ (այստեղից՝ «Ա.» անվանումը): Մեղրատու է:

ԱԿՔԱՆ (Dipsacus), սանրափուշ, հովվի սանր, ակքանազգիների ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ա. կտրտված (D. laciniatus), Ա. մազոտ (D. pilosus), Ա. խոզանավոր (D. strigosus): Աճում է ստորին, միջին և վերին լեռն․ գոտիների թփուտներում, մացառուտներում, անտառներում, խոնավ վայրերում, որպես մոլախոտ՝ Արարատի, Տավուշի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և այլ մարզերի ցանքատարածություններում:

Ցողունը փշապատ է, բազմանիստ, բարձր.՝ 0,5-2 մ: Տերևները հակադիր են, ամբողջաեզր կամ փետրաձև կտրտված: Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկ է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն կամ սպիտակավուն: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը քառանիստ սերմնապտուղ է: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ, ներկանյութեր:

ԱՂԱԹՈՒՓ (Halimodendron), ոլոռնածառ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ: ՀՀ ում հայտնի է Ա. արծաթագույնը (H. halodendron): Տարածված է Երևանի շրջակայքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին ու նախալեռն․ գոտիներում: Աճում է քարքարոտ ու չոր լանջերին, տափաստաններում: Չորադիմացկուն է:

Ցողունը խիտ ճյուղավորվող է, բարձր.՝ 2-3 մ: Տերևները բարդ, զույգփետրաձև են, հիմքում առանցքները կոշտանում և վերափոխվում են փշերի: Ծաղկաբույլը հովանոցանման է, ծաղիկները՝ մանուշակագույն, հազվադեպ՝ վարդագույնից մինչև սպիտակ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը մերկ, կնճռոտ, բազմասերմ ունդ է: Դեղաբույս է. պարունակում է վիտամին E, կարոտին (A-նախավիտամին): Գեղազարդիչ է. օգտագործվում է կենդանի ցանկապատերի ստեղծման համար: Միջատասպան է:

ԱՂԱԾԱՂԻԿ (Halanthium), թելուկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 9, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ա. կուլպական (H. kulpianum) և Ա. նոսրածաղիկ (H. rariflorum); Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռն, գոտում, Երևանի շրջակայքում: Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում, առաջացնում «համադա» անվամբ ուրույն բուսականություն:

Ցողունը թավոտ է, բարձր.՝ 10-40 (երբեմն՝ 60) սմ: Սուկուլենտ է: Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով: Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատերևներով: Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմն՝ սպիտակ բշտիկավոր ելունդ: Ծաղկում է մայիսից սկսած: Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ): Պտուղը թևապտուղ է: Կուլպական Ա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՂԱՀԱՍԿԻԿ (Halostachys), թելուկազգիների ընտանիքի թփերի ցեղ: Ունի 1 տեսակ՝ Ա. կասպիական (H. caspica): Հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզերում: Աճում է միայն աղուտ-ալկալի հողերում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 2 (հազվադեպ՝ 3) մ, ընձյուղները հատվածավոր են, հակադիր, գլանաձև, հյութալի, թխականաչ, աշնանը՝ գրեթե սև: Տերևները մանր են, թեփուկանման, զույգերով, ցողունի շուրջն առաջացնում են 2-բլթականի գոտի: Ծաղկաբոցլը հասկանման է, ծաղիկները՝ երկսեռ: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղն ուղղահայաց է՝ պարփակված ծաղկապատյանում: Պարունակում է ալկալոիդ (հալոստախին, որը բարձրացնում է արյան ճնշումը), աղեր և այլն: Ջրային մզվածքն ունի միջատասպան հատկություն: Արարատյան դաշտի աղուտ-ալկալի հողերի համատարած յուրացման հետևանքով Ա-ի բնական բուսուտները հիմնականում ոչնչացվել են. պահպանվել է միայն Որդան կարմիր միջատի արգելավայրում (տես Արգելավայր հոդվածում):

ԱՂԱՊԱՏՈՒԿ (Halocnemum), թելուկազգիների ընտանիքի թփերի կամ կիսաթփերի ցեղ: Ունի 1 տեսակ՝ Ա. կոնաձև (H. strobilaceum): Աճում է Արմավիրի և Արարատի մարզերի աղուտ-ալկալի հողերում:

Ցողունները հակադիր ճյուղավորվող են, մսալի, հողի մակերևույթին առաջացնում են արմատակալող թմբեր: Տարածվող ճյուղերը գորշ են, միամյաները՝ թխականաչ, գլանաձև, հոդավոր, հյութալի: Թերզարգացած տերևները բութանկյուն են, հակադիր, թեփուկաձև: Ծաղիկները մանր են, սպիտակավուն՝ նստած տերևածոցերում: Պտուղը միասերմ է, մանր, ձվաձև: Մոխիրը պարունակում է պոտաշ:

ԱՂՎԵՍԱԳԻ (Alopecurus), աղվեսաձետ, աղվեսապոչ, աղվեսախոտ, դաշտավլուկազգիների (հացագգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ Ա. դաշտային (A. myosuroides), Ա. համաչափ