սղոցաեզր, վերևից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևից՝ փայլատ, թխագորշ: Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, առանց ծաղկաթերթիկների: Ծաղկում է ամռանը: Պտուղը չոր, մանր, շագանակագույն սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, սապոնիններ, օսլա, ասկորբինաթթու, գալա- և էլագալաթթուներ, եթերայուղեր, կարոտինոիդներ, ներկանյութեր (մոխրագույն, կարմիր):
Պատրաստուկները (եփուկ, մզվածք) օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկ, հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքերում: Մեղրատու է, գեղազարդիչ և կերաբույս:
ԱՐՈՍԵՆԻ (Sorbus), սնձնի, սրահացի, սին, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ Ա. ծտիխնձոր (Տ. aucuparis), Ա. Թախտաջյանի (Տ. takhtadzianii), Ա. հունական կամ ասպաբ (Տ. graeca), Ա. երկակի (Տ. dualis), Ա. Կուզնեցովի (Տ. kuznetzowii), Ա. Թամամշյանի (Տ. tamamschianae), Ա. հայկական (Տ. armeniaca) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի վերին անտառային և Ենթալպյան գոտիներում: Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, կիրճերում, թփուտներում, կաղնու նոսրանտառներում (1000-2500 մ բարձր-ներում):
Ծառերի բարձր․ մինչև 15 մ է: Տերևները հերթադիր են, կենտփետրաձևից մինչև բլթակավոր և ամբողջական, ատամնա- կամ սղոցաեզր: Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ: Ծաղկում է մայիսին: Պտուղները հատապտղանման խնձորիկներ են՝ կլոր, օվալ, հազվադեպ՝ տանձաձև, կարմիր, դեղին, նարնջագույն, դարչնագույն, թավոտ կամ մերկ, թթու-դառնավուն կամ քաղցր: Սերմերը հաճախ եռակող են, երկարավուն, օվալաձև կամ հակադիր ձվաձև: Պարունակում են շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), օրգ. թթուներ, եթերայուղեր, աղաղանյութեր, միկրոտարրեր և այլն: Պտուղներն օգտագործում են սննդի (թարմ և վերամշակված՝ թուրմ, մուրաբա, օղի, լիկյոր և այլն) և բժշկոթյան մեջ: Դրանցով սնվում են թռչունները և այլ անտառային կենդանիներ: Սերմերը պարունակում են ճարպեր: Փայտանյութն օգտագործվում է կահույք և երաժշտ. գործիքներ պատրաստելու համար:
Ա. հայաստանյանը (Տ. hajastana) Հայաստանի շատ հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Սևանի ավազանում և Արայի լ. վրա: Աճում է ժայռերի զառիկող լանջերին, մնացորդային անտառներում, անտառների վերին սահմանի և ենթալպյան գոտու բարձրախոտերում (1600- 2400 մ բարձր-ներում): Ա. լուրիստանյանը (Տ. luristanica) հանդիպում է Սևանի հվ-արլ. ափին, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է կաղնու անտառներում, ժայռոտ լանջերին, անտառեզրերին և բացատներում (1600-2400 մ բարձր-ներում):
Նշված տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԱՐՋԸՆԿՈՒՅԶ (Datura), մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. սովորական կամ գարշահոտ (D. stramonium): Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում: Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում:
Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձր.՝ 80-90 սմ։ Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր: Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ: Ծաղկում է ամռանը: Պտուղը չորսփեղկանի, կարծր, փշապատ տուփիկ է: Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ: Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ: Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմի ժամանակ:
ԱՐՋՏԱԿ (Cyclamen), ալպիական մանուշակ, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 55, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. գարնանային (C. vernum): Հանդիպում է միայն Տավուշի ստորին լեռն․ գոտում: Աճում է անտառներում, թփուտներում, լեռնալանջերին. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Արմատները մսոտ են, պալարանման հաստացած: Տերևներն արմատամերձ են, մարգի երկար կոթուններով, ձվաձև, սրտաձև հիմքով, ամբողջաեզր, վերևի մասում՝ նրբագեղ նախշերով ծածկված: Ծաղկակիր ցողունը տերևազուրկ է, երկար.՝ 3-18 սմ, կրում է մեկ ծաղիկ: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը գնդաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ, անկյունավոր:
Փակ գրունտում մշակվում են Ա. պարսկականը (C. persicum) և նրա սորտերը (շքեղ, հսկայական, փայլուն, ռոկոկո և այլն)՝ որպես գեղազարդիչ և թաղարային բույս, նաև կտրած ծաղիկ ստանալու համար (ծաղիկները բազմերանգ են, երբեմն՝ բուրավետ): Ծաղկում է հոկտեմբեր-ապրիլին: Որոշ տեսակներ (պալարները) օգտագործվում են որպես դեղաբույս, պարունակում են սապոնիններ: Պատրաստուկներն օգտագործվում են ճակատային և վերին ծնոտային ծոցերի բորբոքման ժամանակ, օժտված են նաև սիրտանոթային ազդեցությամբ:
ԱՐՎԱՆՏԱԿ (Cynodon), շնատամ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ա. մատնաձև կամ շնատամ (C. dactylon): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց լանջերին, գետափերին,