են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր, եթերայուղեր ևն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց: Մեղրատու է:
ԲԶՐՈՒԿ (Arenaria), ավազախոտ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Բ. մեխակային (A. dianthoides), Բ. Ստեվենի (A. steveniana), Բ. ուրցատերև (A. serpyllifolia), Բ. սապնարմատանման (A. gypsophiloides) ևն: Տարածված է մինչև ալպյան գոտի: Աճում է քարքարոտ, չոր, ավազոտ, խոտածածկ լանջերին, առվակների ափերին, խոնավ վայրերում ևն:
Ցողունի բարձր․ մինչև 20 (25) սմ է: Տերևները մանր են, հակադիր ձվաձև, գծաձև կամ բզաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ սպիտակ: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը 6 ատամիկներով բացվող տուփիկ է:
ԲԹԱԹԵՓՈՒԿ (Amblyopyrum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Ունի 8 տարատեսակ, որոնք ընդգրկված են Բ. անքիստ (A. muticum) տեսակի մեջ: ԱՊՀ Երկրների սահմաններում հայտնաբերվել է միայն ՀՀ-ում՝ Ջրվեժ, Ողջաբերդ և Մուշավան գ-երի միջնամասում՝ բլուրների հվ. քարքարոտ լանջերին:
Արմատները փնջաձև են, ցողունը՝ ծղոտ: Տերևները կազմված են տերևապատյանից և տերևաթիթեղից: Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ միասերմ հատիկ: Բ. տետրապլոիդ և հեքսապլոիդ ցորենների երկրորդ գենոմի (13) կրողներից է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԲՅՈՒՐԱՏԵՐԵՎՈՒԿ (Myriophyllum), բյուրատերևուկազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 45 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Բ. օղակավոր (M.verticillatum) և Բ. հասկավոր (M. spicatum): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի քաղցրահամ ջրերում լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում ու գետակներում, լճացած ջրերում (երբեմն՝ 1,5-2 մ խոր.) առաջացնում է ինքնուրույն բուսուտներ:
Ցողունը պարզ է, հազվադեպ՝ ճյուղավորվող, խողովակաձև՝ պատված խիտ, նուրբ, օղակադիր, փետրաձև տերևներով: Ծաղկաբույլը հասկանման է՝ ջրից դուրս: Ծաղիկները միասեռ են, միատուն, գագաթնային, մանր, սպիտակ: Ծաղկում է հունիսին: Պտուղը չոր կորիզապտուղ է: Ակվարիումային բույս է:
Լողացողների մոտ երբեմն առաջացնում է ալերգ. երևույթնԵր, մաշկ․ ցան և բրոնխային հեղձուկ:
ԲՆԱՇԽԱՐՀԻԿ ԲՈՒՅՍԵՐ, աշխարհագր. որևէ ոչ մեծ տարածքում սահմանափակորեն տարածված բույսեր: Բաժանվում են երկու խմբի՝ պալեո և նեո բնաշխարհիկներ: ՀՀ տարածքում բուսաբան-կարգաբանների կողմից տարբեր ժամանակներում (առաջին անգամ) բացահայտվել և նկարագրվել է շուրջ 400 տեսակ, որոնցից 115-ը հանդիպում է միայն Հայաստանում (285-ը հայտնաբերվել է նաև հարևան երկրներում): Դրանցից են նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը, հայաստանյան արոսենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը ևն:
ՀՀ-ում տարածված են նաև մշակաբույսերի վայրի բնաշխարհիկ տեսակները (նախնիները)՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, սալորենի, արոսենի, սզնի, ոլոռ, ոսպ, ճակնդեղ ևն: Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի բնաշխարհիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա և այլն), որոնք օժտված են ներտեսակային խիստ բազմազանությամբ և արժեքավոր հատկանիշներով (երաշտադիմացկունություն, վաղահասություն, պրոտեինի և հում սոսնձանյութի պարունակություն և այլն): Բ. բ. ՀՀ բուսաշխարհի ամենաարժեքավոր գենոֆոնդն են, ունեն մեծ գիտ. և գործն․ նշանակություն: Դրանց կարգաբան., բջջաբան., էկոլոգ. բնութագրումը, աշխարհագր. տարածման և փոշոտման առանձնահատկությունների բացահայտումը մեծ նշանակություն ունեն առանձին ֆլորիստիկ. համալիրների ծագման բացատրման ժամանակ, նաև առանձին կարգաբան․ խմբերում տեսակագոյացման երևույթների ճշգրիտ լուսաբանման համար:
ԲՈԳ (Gentiana), օձի դեղ, օձի սխտոր, ճնդիան, փինջան ծաղիկ, բոգազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 11 տեսակ՝ Բ. ցրտակայուն (G. gelida), Բ. ջրային (G. aguatica), Բ. կովկասյան (G. caucasea), Բ. հովանոցային (G. umbellata) ևն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ալպյան և ենթալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ լանջերին ևն:
Ցողունը կանգուն է, բարձր.՝ 3-70 (100) սմ: Տերևները երկարավուն-նշտարաձև են, հակադիր, նստադիր, ամբողջական: Ծաղիկները մեկական են, խողովակագանգակաձև, երկնագույն, մանուշակագույն կամ կապույտ, հազվադեպ՝ դեղին: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը տուփիկ է: Որոշ տեսակներ (արմատները) դեղատու են. պարունակում են գլիկոզիդներ, ալկալոիդներ, ճարպեր, շաքարներ, ֆերմենտներ, պեկտինային նյութեր: Պատրաստուկները (լուծամզվածք, թուրմ, դեղափոշի) օգտագործում են մարսողության խանգարման ժամանակ և որպես լեղամուղ, միզամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց: Գեղազարդիչ է և մեղրատու:
ԲՈԼԻ (Zosima), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. օշինդրատերևային (Z. absinthifolia): Հանդիպում է Շիրակի, Վայոց ձորի,